168.am-ը գրում է.

Արդեն 1 ամիս է, ինչ թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով 120.000 մարդ մնացել է շրջափակման մեջ, շատ ընտանիքներ էլ կիսվել են՝ մնալով շրջափակման տարբեր կողմերում։

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շրջափակման հետևանքով շուրջ 1500 արցախցի գտնվում է Հայաստանում։

«Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք դեկտեմբերի 12-ից արգելափակված ճանապարհի պատճառով չեն կարողացել տուն վերադառնալ, մեծամասամբ մնացել են Գորիսում՝ հյուրանոցներում, կարծելով, որ խնդիրը կարճ է տևելու, և մաքսիմալ մոտ լինեն անցակետին, սակայն մի քանի օր անց նրանց մի մասը տեղափոխվել է Երևան։ Այդ պահից հետո զանգերը ներկայացուցչություն սկսել են գրանցվել, որի արդյունքում ֆիքսվել է, որ քաղաքացիների լուրջ թիվ ունենք, որոնք Հայաստանում են գտնվել բուժման նպատակով, կան գործուղման եկած քաղաքացիներ, այսինքն՝ այս պահին մարդկանց Հայաստանում գտնվելու առիթները տարբեր են։ Հանրագումարի բերելով այս ընթացքում քաղաքացիների զանգերը, արդեն կարող ենք ասել, որ խոսքը մոտավորապես 1500 քաղաքացու մասին է, որոնցից ֆիքսված է մոտ 300 երեխա։

Նրանց մեծ մասը շարունակում են մնալ հյուրանոցներում՝ պետության կողմից տրամադրված կեցության վայրերում, բայց նաև կան արցախցիներ, որոնց թիվը չենք հստակեցրել, քանի որ շարունակում են բնակվել այլ վայրերում՝ բարեկամների, հարազատների տանը, գուցե նաև իրենց բնակարաններում և կարիք չունեն ինչ-որ հարցի վերաբերյալ զանգահարել, հետևաբար՝ նրանց տվյալը չի ֆիքսվում։ Այսինքն՝ այդ տվյալները, որը նաև օրեր առաջ Արցախի ՄԻՊ-ն է հրապարակել, արձանագրվել են քաղաքացիների զանգերի հիման վրա։

Գորիսում այս պահին մոտ 500 քաղաքացի է մնում, Երևանում ևս շուրջ 500 քաղաքացի է տեղավորված հյուրանոցներում։ Այս գործընթացը շարունակվում է, Արցախ ներկայացուցչության էջում տեղադրված են համապատասխան հայտարարությունները, որտեղ նշված են թե՛ Արցախի օպերատիվ շտաբի թեժ գծի հեռախոսահամարները, թե՛ Արցախի ներկայացուցչության թեժ գծի հեռախոսահամարները»։

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղարի խոսքով՝ կա նաև հակառակ պատկերը, բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով գնացել են Արցախ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան․

«Այնտեղ ևս կա մարդկանց բավականին մեծ թիվ, որ չեն կարողանում տուն վերադառնալ։ Բազմաթիվ սննդի մատակարարներ, շինարարներ, անձնական հարցերով մեկնած քաղաքացիներ առավոտյան հատել են սահմանը, բայց վերադառնալիս ճանապարհն արդեն փակ է եղել։ Նրանց բոլորի սոցիալական խնդիրները, այդ թվում՝ կեցության հարցը տեղում լուծվել է, բոլորին տեղավորել են հյուրանոցներում»։

Արմինե Հայրապետյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում գտնվող արցախցիների մեծ մասը դիմել է Արցախի ներկայացուցչություն, որպեսզի կազմակերպեն երեխաների դասընթացը․

«Քանի որ դպրոցներում հունվարի 9-ից մեկնարկել է նոր կիսամյակը, երեխաների՝ դպրոցից դուրս չմնալու համար, ծնողներն ուզում են կազմակերպել դասապրոցեսը, և արդեն որոշ երեխաներ հաճախել են իրենց բնակության վայրի դպրոցներ, իհարկե, եղել են երեխաներ, որոնք հրաժարվել են, բայց կան նաև երեխաներ, որ զումով են մասնակցում Ստեփանակերտի իրենց համադասարանցիների դասապրոցեսներին»։

Ամփոփելով զրույցը՝ Արմինե Հայրապետյանն ասաց՝ չնայած Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ներկայացուցչությունը շարունակում է բնականոն հունով աշխատել․

«Կառույցն ամբողջ պոտենցիալով աշխատում է, մենք շարունակում ենք իրականացնել մեր գործառույթները։ Պարոն Ղազարյանն արդեն տվել է հանձնարարականները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել