Աթենքում մահացել է Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտին II թագավորը, որը գահակալել է 1964-ից մինչեւ երկրում միապետության վերացումը 1974թ. վերջին։ Նա մահացել է «Իգեա» հիվանդանոցում, հունվարի 10-ի երեկոյան, АР-ին տեղեկացրել են կլինիկայի ներկայացուցիչները։ Նա 82 տարեկան էր։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ, տեղեկացրել է Guardian-ը՝ հղում կատարելով հունական լրատվամիջոցներին։ Թերթը նշել է, որ նա կաթված է ստացել։

Կոնստանտինը ծնվել է 1940թ. հունիսի 2-ին ապագա թագավոր Պավել I-ի եւ Ֆրեդերիկա Հաննովերցու ընտանիքում, պատկանել է Գլյուքսբուրգների դանիական արքայատոհնի ճյուղերից մեկին, որը կառավարել է Հունաստանում 1863-ից մինչեւ 1922-1935թթ.՝ ընդմիջումներով, երբ երկրում հանրապետություն է եղել։

Նա գահ է բարձացել 1964թ.։ 1965-ին երկրում տեղի է ունեցել «Ապոստասիա» կառավարական ճգնաժամը, իսկ երկու տարի անց իշխանության են եկել «սեւ գնդապետները»։  Նրանց դեմ ապստամբության փորձից հետո թագավորը հեռացել է Հունաստանից։ 1973թ. «սեւ գնդապետները» հանրաքվե են անցկացրել միապետությունը չեղարկելու մասին եւ դրա արդյունքներով հանրապետություն են հռչակել։ Մեկ տարի անց Հունաստանի դեմոկրատական կառավարությունը միապետության մասին հարցը երկրորդ անգամ է դրել քվեարկության, եւ 1974թ. դեկտեմբերի 8-ի հանրաքվեով միապետությունը լուծարվել է վերջնականապես։ Կոնստանտին II-ը չի ընդունել հանրաքվեի արդյունքները եւ գահից չի հրաժարվել։

Դրանից հետո թագավորը երկար տարիներ ապրել է Լոնդոնում։ 1994թ. Հունաստանի իշխանությունները նրան զրկել են երկրի քաղաքացիությունից եւ որպես սեփականություն մնացած անշարժ գույքից։ Միայն կյանքի վերջին տարիներին է նա կարողացել գալ հայրենիք։

2008թ. հարցումը ցույց է տվել, որ սահմանադրական միապետության վերականգնմանը կողմ է Հունաստանի բնակիչների միայն 12 տոկոսը, հիշեցրել է АР-ն։ Հարցվածների ավելի քան 43 տոկոսը թագավորի վրա է դրել «սեւ գնդապետների» իշխանության գալու պատասխանատվությունը։

Մինչեւ գահ բարձրանալը Կոնստանտինը դարձել էր Օլիմպիական խաղերի ոսկե մրցանակակիր առագաստանավային սպորտաձեւում։

Կոնստանտինը Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպի եւ Չարլզ III թագավորի զարմիկն է։ Նրա քույրը՝ Սոֆիան, Իսպանիայի գահից հրաժարված Խուան Կառլոսի կինն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել