Lurer.com-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր բավական ծավալուն մամուլի ասուլիսով է հանդես եկել: Փաշինյանի այս ասուլիսը վերջին տարիներին կազմակերպված ասուլիսներից տարբերվում էր միայն նրանով, որ լրագրողները անձամբ էին ներկա և կարող էին հարց ուղղել վարչապետին:

Կայացած ասուլիսի հիմնական մեխերը երեքն էին: Նախ և առաջ` Փաշինյանը մեկ անգամ ևս առիթը չկորցրեց ՌԴ-ին դաշնակցային հարաբերությունները խաթարող քայլերի մեջ մեղադրելու համար, երկրորդը՝ Փաշինյանը փաստացի կրկնեց նախորդ ասուլիսների ընթացքում արտահայտած իր այն ռեզոնանսային հայտարարությունը, որ Հայաստանը ալևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը և երրորդը ՝ Փաշինյանը բացառեց Հայաստանում հովանավորչության առկայությունը, ինչը անշուշտ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Սակայն, դիտարկենք այս կետերը ըստ հերթականության:

Եվ այսպես, ըստ Նիկոլ Փաշինյանի, թեև չի կարելի ասել, որ ռուս խաղաղապահները Արցախում պարապուրդի են մատնված, այնուամենայնիվ, նրանք չեն կատարում եռակողմ համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները: Ռուսական ռազմական ներկայությունն էլ, ըստ Փաշինյանի, ոչ թե նպաստում է ՀՀ անվտանգության ամրացմանը, այլ հակառակը` հայ-ռուսական տանդեմից ադրբեջանական կողմը վտանգներ է տեսնում, և քանի դեռ ռուսական կողմը չի հերքում ադրբեջանցիների նման պնդումները, ստացվում է՝ ռուսական բազաների առկայությունը ՀՀ-ում կարող է հիմք դառնալ ՀՀ դեմ ռազմական նոր ագրեսիա սկսելու համար: Սա, իհարկե, Փաշինյանի տրամաբանությամբ: Վարչապետը նաև հայտարարեց, որ այս տարի Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանա, քանի որ հայկական կողմը դրանց անցկացումը նպատակահարմար չի համարում: ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովի օպերատիվ արձագանքից կարելի է ենթադրել, որ Մոսկվան տեղեկացված չի եղել ՀՀ իշխանությունների կողմից ընդունված այս որոշման խորքային պատճառների մասին: Իսկ որ այդպիսիք առկա են և Փաշինյանն ու թիմը չեն թաքցնում հակառուսական հռետորաբանությունը՝ փաստ է:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ լվաց ձեռքերը Արցախից: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն հենց ՀՀ-ն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը ոտքի վրա վերախմբագրում է ՀՀ կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ Արցախի անվտանգության խնդիրը պետք է լուծեն իրենք՝ արցախցիները: Սա նշանակում է, որ Փաշինյանը կոչ է անում Արցախի իշխանություններին հույսը իր վրա չդնել և ինքնուրույն պայմանավորվել Ադրբեջանի հետ, իսկ որ որևէ պայմանավորվածություններ, որոնք կբխեին Արցախի շահերից այս դեպքում անհնար են ՝ այդ մասին Փաշինյանը նախընտրում է չխոսել: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենց դիրքորոշումը այս հարցում չի փոխվել: Հիշեցնենք, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր հեղափոխությունից հետո հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ...

Երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի բավական մեծ հատված նվիրեց ներկաներին և հանրությանը համոզելուն, որ  Նոր Հայաստանում արտոնյալներ չկան և չեն կարող լինել: Սակայն, հետաքրքիր է, որ Փաշինյանը դժվար թե կարողանա բացատրել՝ ինչպես է օրինակ ստացվում, որ առողջապահության նախարարի ամուսինը կառավարությունից արտոնություն է ստանում: Կամ այլ օրինակ՝ դիցուք՝ «Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։ Ամիսներ առաջ Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։ Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Եվ սրանք, ընդամենը, մի քանի դրվագներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել