Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակել, թե Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունից, հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:

«Ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար բավարար է ընդամենը երեք վիճակագրական տվյալի բացահայտումը. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022 թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, Հայաստանից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400): Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020 թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոց բնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները վերոհիշյալ հրապարակմամբ հաստատել են նաև այն, որ Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են միջանցքով տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության հետ կապի հնարավորությունից, միջանցքում երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ ներկայացուցիչները:

Այսպիսով, վերը բերված վիճակագրական տվյալները և փաստարկները բավականին խոսուն ու պատկերավոր տեսքով արտացոլում են այն ամբողջ իրականությունը, որը ներկայումս տիրում է Արցախում և որը միջազգային հանրությունից թաքցնելու համար ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանը»,- նշված է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել