News.am-ը գրում է․

Ճապոնական Իբարակի նահանգում թռչնի գրիպի բռնկման պատճառով երկուշաբթի մոտ 930 հազար հավ կոչնչացվի, տեղեկացրել է գյուղատնտեսության, անտառային եւ ձկնային տնտեսության նախարարությունը։

Նախօրեին սատկել էին մեծ թվով թռչուններ, դրանց գենետիկ զննումը հաստատել է թռչնի գրիպի գերպաթոգեն շտամի առկայությունը։ Սա երկրում արդեն 56-րդ դեպքն է աշուն-ձմեռ սեզոնի սկզբից ի վեր։

«Իոմիուրի» թերթի տվյալներով, որը վկայակոչում է գյուղատնտեսության նախարարությանը, գերազանցվել է 2020թ. հակառեկորդը, երբ մեկ սեզոնի ընթացքում երկրում ստիպված էին ոչնչացնել 9,87 մլն թռչուն թռչնի գրիպի պատճառով. ընթացիկ սեզոնում, որը դեռ չի ավարտվել, արդեն ոչնչացվել է մոտ 10 մլն հավ (9,98 մլն)։

2020թ. ռեկորդային սեզոնի ընթացքում Ճապոնիայի 47 նահանգներից 18-ում բացահայտվել էր թռչնի գրիպի 52 դեպք։ Ընթացիկ սեզոնում՝ 56 դեպք 23 նահանգներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել