News.am-ը գրում է.

Սեպտեմբերյան ագրեսիայի առաջին օրն ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանի մարմինն իր վիրավոր ժամկետային զինծառայողներն են գրկած իջեցրել դիրքերից։ Մինչեւ այդ 23–ամյա Գոռն էլ մեկ այլ վիրավոր զինծառայողի է տեղափոխել մյուս դիրք, ապա այնտեղից իջեցրել ճանապարհ՝ «Շտապօգնության» մեքենային ընդառաջ։
«Գոռս, իր չորս զինվորները զոհվել են, երկուսը ողջ են մնացել: Նրանցից մեկը ծանր վիրավոր է եղել, մյուսը՝ համեմատաբար թեթեւ, ասել են՝ մեր հրամանատարին չենք թողնի թուրքը տանի, գրկելով իջեցրել են Գոռիս։ Տղաս ասում էր՝ մամ, ես 72 երեխա ունեմ, իմ երեխաներն եմ իմ զինվորները»,– պատմում է մայրը՝ Իրինա Խաչատրյանը։
Տիկին Իրինայի երկու որդիներն էլ սեպտեմբերի 13–ին եղել են դիրքերում. ավագ որդին՝ Գոռը, որպես ավագ լեյտենանտ Վարդենիսի դիրքերում, կրտսերը՝ Ալբերտը, պարտադիր զինվորական ծառայության էր Շուռնուխում։ Այդ գիշեր, երբ սկսել են կրակել Վարդենիսի ուղղությամբ, մոր սիրտն անհանգիստ է եղել միայն ավագ որդու համար, զգացել է՝ որդին զոհվելու է. «Մենակ Գոռ էի գոռում։ Վարդենիսի վրա էին կրակում, անընդհատ այդ ձայնը որ լսում էի, մենակ Գոռ էի ասում, Ալբերտիս համար չէի վախենում։ Առավոտյան 11.20 Գոռիցս SMS ստացա՝ «Մամ ջան, ամեն ինչ լավ կլինի, մի վախեցեք»։ Մի պահ հանգստացա ու նորից սկսեց տարօրինակ զգացողություն։ Ժամը 13.30 ախպերս զանգեց ամուսնուս հեռախոսին, ձայնը դողում էր, ցնցվեցի մի պահ, ասաց՝ հեռախոսը տուր Վարդանին։ Ամուսինս հեռախոսը վերցրեց, վազեց դուրս, հետ եկավ, արագ հագնվեց ու դուրս եկավ։ Ամեն ինչ զգում էի, բայց քարացած նստած էի։ Հետո ախպերս եկավ, որ մտավ ներս, հասկացա, որ Գոռս էլ չկա»։
Զինվորական դառնալու որոշումը Գոռը կայացրել էր դպրոցական տարիքում։ Ռազմական ինստիտուտ ընդունվելու որոշմանը ծնողները դեմ չեն եղել։ Ուսումն ավարտելուց հետո Գոռը նախ Քարվաճառում է ծառայել, ապա Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում ծառայության։ Մասնակցել է 44–օրյա պատերազմին։
«Եթե 44–օրյա պատերազմին զոհվեր, այդքան ցավ գուցե չզգայի, որովհետեւ կասեի՝ 44 օր է տեւել, պատերազմ էր, իսկ սա պատերազմ չէր, երեք օր են ասում, բայց երեք օր չէր։ Սեպտեմբերի 9–ին ծնունդն էր, իրիկունը շատ ուշ եկավ, տորթ էինք առել, մոմը փչեց ու ծիծաղեց՝ առաջին անգամ եմ տանը ծնունդ նշում։ Առաջինն ու վերջինը եղավ...»,– շարունակում է տիկին Իրինան։
Ասատրյանների ընտանիքն ապրում է Վարդենիսի Լճավան գյուղում։ Գոռի զոհվելուց հետո եղբորը զորացրել են։ Ընտանիքում մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան անհամբեր էին, թե երբ Գոռը կնշանվի։ Մայրն ասում է՝ ընկերուհի ուներ.«Ասում էի՝ Գոռ ջան, դուրս արի ծառայությունից, ասում էր՝ նշանվեմ, դուրս կգամ, հունվարից ուզում էինք նշանել, այն էլ չստացվեց։ Լինում էր՝ երկու ամսով դիրքերում էր լինում»։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել