168.am-ը գրում է․

25 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Այս օրերին, չնայած աղմուկին՝ լռությունն ավելի շատ է թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս:

«Աշխարհի լռության մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն ընդհանրապես հասկանալի չէ: Դա հենց այնպես չի լինում: Լուրջ ինստիտուտներ պետք է վերլուծական աշխատանք կատարեն, որպեսզի հասկանանք, թե մենք ինչն այնպես չենք անում, ի՞նչ ճանապարհ ենք ընտրել, ինչը որևէ մեկին համախոհ չի դարձնում: Բայց որպես հայ մարդ՝ ուղղակի ապշում եմ, որ մենք մեր գործերով ենք զբաղված՝ ասես Արցախը կույրաղիք էլ չլինի: Երբ օրգանիզմի այլ մաս էլ անգամ ցավում է, մարդու տեսակն այնպիսին է, որ մոտենում, հարցնում է, թե ինչով օգնի, շտապօգնություն է կանչում, իսկ այս դեպքում ոնց որ կապ չունենանք: Հավաքվում, խոսում են իրենց միջավայրում, փորձում իրենց խելքով վերլուծել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահ Տիգրան Հեքեքյանը:

Նա ցավով նշեց՝ Արցախի պետնախարարի խորհրդականը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա կազմակերպեց՝ քչերը մոտեցան:

«Ասում են՝ այս ուժերն են կազմակերպում, այն ուժերն են: Պատասխանում եմ՝ ձեզ պե՞տք է, թե ով է կազմակերպում, գնացեք, որ արցախցին տեսնի ու զգա, որ իրենց մասին մտածում են: Չեմ հասկանում՝ սա սթրես է, յուրատեսակ դեպրեսիա… Կամ պետք է սա կուտակվի ու դուրս գա, կամ չգիտեմ… Զանգվածային դեպրեսիա է մեզ մոտ կամ անտարբերություն: Գուցե պատճառն անելանելիությո՞ւնն է: Օրինակ, ես կուզեի գնալ և արցախցու կողքին լինել, բայց ո՞նց անցնեմ ճանապարհը: Հասկանո՞ւմ եք, ժամանակին բաժանված էինք, հիմա առավել ևս, աղճատել են մանր կտորների, ու միավորվելու ցանկություն չկա: Չէինք սիրում միավորվել, հիմա՝ նույնպես: Ես ևս մոլորված եմ և շատ նեղված»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը:

Մեր դիտարկմանը՝ շատերն են խոսում, թե ինչո՞ւ մտավորականներն իրենց ձայնը չեն բարձրացնում նաև բողոքի ակցիաների միջոցով, Տիգրան Հեքեքյանը պատասխանեց. «Մշակույթի մարդիկ, գիտնականները, արվեստագետները, մանկավարժները ևս դժվար են հավաքվում, իրենց մեջ էլ պառակտում կա: Հիմա այս իրավիճակում քննարկել, թե ո՞վ է ամերիկամետ, ո՞վ ռուսամետ՝ պետք չէ:

Ինչ վերաբերում է հավաքներին… գուցե մարդիկ հասկանում են, որ այդ հավաքներով ոչինչ չեն կարող փոխել, բայց մյուս կողմից՝ չանելն անտարբերություն է, և երևի այդ առումով պետք է հավաք անել: Ֆրանսիայում 5 հոգու մտնում, վնաս են տալիս, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հարյուրավոր մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնում. հասկացանք, բայց այստեղ քո ժողովուրդն է: Մի հատ քո երեխային այդ վիճակում պատկերացրու: Գիտե՞ք, թե ինչու չեն պատկերացնում. Կուշտ ու բարեկեցիկ են, դրա համար: Իրար խաղաղություն են մաղթում, բայց դա ո՞նց կլինի. հիշենք Գարեգին Նժդեհի հայտնի խոսքը. «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Խեղճ վիճակով խաղաղությո՞ւն եք ուզում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել