Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ գերության մեջ պահելով 120 հազար արցախահայերի, որոնցից 30 հազարը երեխաներ են։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդգես Սաֆարյանը խոսելով Ադրբեջանի ահաբեկչական քայլերի մասին, նկատեց՝ Ադրբեջանի գործողություններում 1988 թվականին և այսօր որևէ տարբերություն չկա՝ նույն հայատյաց քաղաքականությունն է։

«Եթե մենք 1990-ականներին ունեցանք հաղթանակ և խոսում էինք հաղթողի դիրքերից, ապա այսօր իրավիճակն այլ է։ Ցավոք, մեր ղեկավարությունը՝ նկատի ունեմ Հայաստանի ղեկավարությանն առաջին հերթին, այն մարդիկ չեն, որոնք իսկապես ի վիճակի են ստեղծված իրավիճակին դրական լուծում տալ։ Ժողովուրդը միշտ էլ նույնն է եղել, ինչպես 80-ականներին, 90-ականներին։ Այստեղ նաև այլ խնդիր կա, հիմա մենք ունենք ոչ թե մեկ թշնամի՝ ի դեմս Ադրբեջանի, այլ նրան դաշնակից մի քանի պետություն, մասնավորապես՝ Թուրքիան։

Նույնիսկ այս շրջափակման մեջ էլ մեր ժողովուրդն ունի կամք, անցել է ամեն տեսակի դժվարություններով, և կարծում եմ՝ սա էլ կհաղթահարի»,- նշեց Վարդգես Սաֆարյանը։

Ըստ նրա, դժվար է ասել, թե խնդիրը երբ կլուծվի ու ինչպես, սակայն մեկ բան հստակ գիտի.

«Հարցի լուծումը մեկն է՝ երկրի կառավարման ղեկին պետք է ուժեղ ու խելացի մարդ կանգնած լինի, ով կգիտակցի, որ Արցախը կորցնելով՝ կկորցնենք նաև Հայաստանը»։

Շարունակելով միտքը, պատմաբանը նաև ասաց, որ հաղթանակն անկասկած պետք է հայությանը լինի, քանի որ Արցախում իրենց տունն է, գերեզմանոցները։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այս ամենը հաշվի առնելով՝ իրատեսական է համարում, որ հայն ու ադրբեջանցին կարող են կողք կողքի խաղաղ ապրել, Վարդգես Սաֆարյանը պատասխանեց.

«Վերջերս մի հաղորդում էի դիտում, որտեղ Բաքվում ադրբեջանցիներին հարցնում էին, թե ինչպես են պատկերացնում հայերի հետ կողք կողքի ապրելը,նրանք պատասխանում էին, թե «կարող ենք ապրել, բայց եթե արցախցիներն ընդունեն, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, որ իրենք էլ եկվորներ են»։ Որպես պատմաբան՝ կարող եմ մեկ բան ասել, թող ադրբեջանցիները մեր երկրում գտնեն մինչև 18-րդ դարի գոնե մեկ հուշարձան, մեկ քար, որի վրա իրենց լեզվով որևէ բան գրված լինի։ Եթե ինձ ցույց տան նման մեկ հուշարձան, որը եղել է մինչև 18-րդ դար, ապա ինքս դուրս կգամ Արցախից։ Սա իմ հողն է, սա իմ պապերի հողն է, իմ հարևանն ով ուզում է՝ թող լինի, պետք է հարգի իմ երկրին ու ինքնությունը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել