Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են սիրիական կարգավորմանն առնչվող քայլերի համակարգումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախարարները ամանորյա ողջույններ են փոխանակել եւ քննարկել 2023 թվականին արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության ծրագրերը, ներառյալ սիրիական կարգավորմանը նպաստող քայլերի հետագա համակարգումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարները 11 տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են վարել Մոսկվայում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդիպումից հետո հայտնել է, որ նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամի եւ փախստականների խնդրի լուծման ուղիները, ինչպես նաեւ համատեղ ջանքերը՝ Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում։

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ բարդ են։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցներ խոսում էին աստիճանական կարգավորման հնարավորության մասին։

Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում 2016, 2018 եւ 2019 թվականներին՝ Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող քրդական կազմավորումներին սահմանային շրջաններից դուրս բերելու նպատակով։ Անկարան այդ կազմավորումները ահաբեկչական է որակում։ Վերջին ամիսներին Թուրքիայում եւս մեկ ցամաքային գործողություն էր նախատեսվում՝ սիրիացի քրդերի հետ կապված խնդրի վերջնական լուծմանը հասնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել