168.am-ը գրում է․

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասաններ Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին: Նրանց ժամանակավոր օգնել է Շիրակի մարզպետարանը, ինչպես իրենք են նշում, դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածի համար, ապա՝ Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, ով հյուրանոցի հարցը լուծել է մինչև դեկտեմբերի 29-ի համար:

Դերասանների հարցը հիմա մնացել է օդում կախված:

168.am-ին Շիրակի մարզպետարանի լրատվական բաժնից հայտնեցին, որ իրենք ժամանակահատվածի մասին չեն խոսել:

«Մարզպետի անհատական որոշմամբ յուրաքանչյուրին գումար է տրվել, իսկ թե քանի օրում կծախսեն, որևէ բան չի նշվել: Տրվել է աջակցություն, մնացածն իրենք կորոշեն՝ դեկտեմբերի 18-24-ը կծախսե՞ն, թե՞ դրանից հետո: Ուղղակի վատն այն էր, որ մարզպետարանի ֆինանսական տարին ավարտվել է, և դրա համար մարզպետն անհատական որոշումով արեց, որ կարողանա իրենց օգնել, ու ասաց, որ եթե Ամանորից հետո խնդիրը չկարգավորվի՝ կփորձեն կրկին օգնել»,- պարզաբանեցին մարզպետարանից՝ հավելելով, որ պետք է որոշում լինի, որպեսզի կոնկրետ գումար բերվի քաղաքապետարանից, բայց քանի որ տարեվերջ է, ինչքան կարողացել՝ օգնել են:

Նկատենք, որ Շիրակի մարզպետարանի կայքում հրապարակված  մարզպետի որոշման մեջ նշված է, որ Շիրակի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով Սվետա Առուստամյանին և Արմեն Գաբրիելյանին հատկացվել է 70.000-ական դրամ միանվագ օգնություն:

Հիշեցնենք՝ 19 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել