Անցնող տարին լի էր տարատեսակ բողոքի ակցիաներով, հանրահավաքներով։ Տարվա թերեւս ամենաբազմամարդ հավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ի երեկոյան՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ընդդիմության պնդմամբ՝ այդ օրը Բաղրամյանում գտնվում էր ավելի քան 60 հազար քաղաքացի։

Հիշեցնենք․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիներն այդ օրը որոշեցին հավաքվել Բաղրամյան պողոտայում։ Խորհրդարանում Փաշինյանն այդ օրը հայտարարեց, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 ք/կմ տարածքով տեւական խաղաղություն ստանա։

Բաղրամյանի հավաքը որքան բազմամարդ էր, այդքան էլ՝ չհաջողված։ Շատերն այսօր էլ ընդդիմությանը մեղադրում են մարդկանց տուն ուղարկելու մեջ։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպեց մարդկանց բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել նաեւ Ստեփանակերտում։ Դրանցից մեկը հենց վերջերս տեղի ունեցավ։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի կոչից հետո բոլոր արցախցիներն ընտանիքներով հավաքվեցին Վերածննդի հրապարակում՝ միավորվելու ու աշխարհին ասելու՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, պատմությունը, արժանապատվությունն ու ապագան։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են բնապահպաններ, փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ, եւ այսպիսով ադրբեջանցիները շրջափակման մեջ են պահում Արցախը։

2022-ին ակտիվ էր նաեւ ուսանողությունը։ Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ ու հավաքներ անցկացրին։ Հոկտեմբերի 12-ին, հիշեցնենք, պարզ դարձավ, որ նախատեսվում է միավորել Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ, ինչին բրյուսովականները կտրականապես դեմ էին։ Տարվա ամենաաղմկահարույց բողոքի ակցիան գուցե Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի այցի դեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների կողմից իրականացված բողոքի ակցիան կարելի է համարել։ Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, հիշեցնենք, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման ենթարկեցին 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը Եռաբլուրում որեւէ անելիք չունի։

2022-ի ապրիլին երկրի գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում հենց փողոցում։ Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ եւ միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի եւ հայ մնալու։ Նույն օրը նստացույց սկսեցին նաեւ «Սեւ հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին միացան 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ էին սկսել, իսկ «5165» շարժման անդամներն ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ անցկացրին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Թեպետ ընդդիմությունը խոստացել էր, թե ապրիլյան իրադարձություններն աստիճանաբար թափ են առնելու, լինելու են հստակ ու կոնկրետ գործողություններ, սակայն դրանք այս դեպքում եւս չեղան։ Դիմադրության շարժման փողոցային պայքարից շաբաթներ անց Վայոց Ձորի նախկին մարզպետը վարչապետ Փաշինյանին հեռացնելու նոր շարժում նախաձեռնեց։ Նախկին մարզպետ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան ու Հանրապետական կուսակցության նախկին անդամ Էդգար Ղազարյանն իր գլխավորած «Անկախություն» շարժման մեկնարկը կապել էր Հայաստանի Անկախության հռչակագրի հետ։ Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու երեք ուղի էր առաջարկում՝ կա՛մ վարչապետն ինքն է հրաժարական տալիս, քանի որ շեղվել է իր նախընտրական խոստումներից, կա՛մ գլխավոր դատախազը հայրենիքի դավաճանության դրվագներով քրեական գործ է հարուցում եւ ներգրավում Փաշինյանին որպես մեղադրյալ, եւ երրորդ տարբերակը՝ պաշտոնանկությունը խորհրդարանում։ Ղազարյանի նախաձեռնությունը նույնպես ի վերջո հաջողություն չունեցավ, ու Փաշինյանն այսօր էր շարունակում է պաշոնավարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել