Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից հերթական ռազմական սադրանքը պատրաստելու նախանշանների մասին։

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը, սակայն, հայկական կողմի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ «Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։

Պետք է նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել