168.am-ը գրում է․

Ուկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը:

Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ:

«Իբր բնապահպանական մտահոգությունների պատրվակով, այն է՝ Ղարաբաղում ապօրինի հանքարդյունաբերությունը կանխելու նպատակով, նրանք (խմբ. ադրբեջանցիները) գրավել են ճանապարհը», – նշվում է հոդվածում։

Die Presse-ը նաև նշում է, որ ռուս խաղաղապահները, որոնք պետք է հետևեն հրադադարի պահպանմանը և հսկեն միջանցքը, ոչինչ չեն անում: Պարբերականը կանխատեսում է, որ այս իրավիճակը «կարող է է՛լ ավելի սրվել՝ վտանգի տակ դնելով դիվանագիտական ճանապարհով խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերը և կարող է հանգեցնել հումանիտար առումով արտակարգ իրավիճակի մեկուսացված տարածքում»:

Հոդվածի հեղինակը նաև ներկայացնում է այժմ Ստեփանակերտում տիրող իրավիճակը՝ փակ խանութներ, մրգի և բանջարեղենի պակաս, դեղերի և վառելիքի պակաս, ծանր հիվանդներ և վիրավորներ, որոնց հնարավոր չէ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել:

Die Presse-ը մեջբերում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, ով խոսել է հումանիտար աղետի և բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշման մասին: Այնուհետև անդրադարձ է կատարվում Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին:

«Տասնյակ հազարավոր մարդիկ վերջերս Ստեփանակերտում ցույց էին կազմակերպել ճանապարհի բացման համար: Մարդիկ շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից։ Բողոքի ակցիան ցույց է տալիս ղարաբաղահայության խոցելիությունը. 2020 թվականի աշնանը հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերջին վեցշաբաթյա պատերազմից հետո նրանց անվտանգության վիճակը նկատելիորեն վատթարացել է», – գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակը շեշտում է, որ հրադադարից հետո մարտերը շարունակվել են նաև Հայաստանի տարածքում:

«Այս շրջափակումը Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից հետո առաջին միջադեպը չէ: Այս տարի մարտեր են եղել տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տարածքում», – նշվում է հոդվածում։

Խորհրդային տարիներից մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պարբերականն անդրադառնում է Բաքվի նպատակներին:

«Բաքուն շրջափակմամբ ցանկանում է մեծացնել ճնշումը ռուսական խաղաղապահ ուժերի և հայկական կողմի վրա։ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, հավանաբար, փորձում է օգտագործել այս և նմանատիպ սադրանքները՝ բարելավելու իր դիրքերը խաղաղության երերուն բանակցություններում։ Ալիևը որոշ ժամանակ է՝ շահարկում է խաղաղության միջնորդ հանդիսացող Ռուսաստանի թուլությունը: Զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով՝ Մոսկվան ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ ունի այլ թեժ կետերի համար: », – նշում է Die Presse-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինին, որ «հրատապ հարցը» պետք է վերջնական լուծում ստանա:

Միևնույն ժամանակ Բաքվի կողմից ուղարկված ակտիվիստները պահանջում են ստուգել Լաչինի միջանցքով անցնող բոլոր մեքենաները։

«Այդ կերպ Ադրբեջանը կարող է ստեղծել իր սեփական անցակետերը և այդպիսով ավելի ընդլայնել իր մուտքը դեպի տարածք», – նշում է պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս նույնպես ասել է, որ Բաքուն պահանջում է մուտք գործել Ղարաբաղի հանքեր և միայն այդ դեպքում կդադարեցնի շրջափակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել