Դեկտեմբերի առաջին օրերին Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին պաշտոնեական դիրքի չարաշահումների մեջ մեղադրեցին, որ նա 3 մլրդ դրամ է վճարել «Սանիթեք» եւ դրա հետ կապակցված մյուս ընկերություններին՝ չկատարված աղբահանության աշխատանքների համար։ Խոսքը 2012 թվականի 8 ամիսների մասին է, երբ, ըստ մեղադրանքի, Նիկոյանն աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման մրցույթների հանձնաժողովների նախագահն էր եւ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մասնակից ընկերությունների հայտերը բավարար է գնահատել՝ այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանել որակավորման չափանիշներին։

Կոմիտեն նաեւ տվյալներ ունի, թե Նիկոյանը 2015 եւ 2016 թվականներին էլ իր հորը պատկանող տարածքները Երեւանում վարձակալությամբ հանձնել է «Սանիթեքին»՝ ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարով, որ աղբահանության տակ աշխատող տրանսպորտը քիչ է եղել, մեքենաներն աշխատել են գերբեռնված, աղբամաններն են պակաս եղել եւ այլն։ Առաջին իսկ հարցը, որ առաջանում է՝ ինչո՞ւ է կոմիտեն խնայել Երեւանի այն ժամանակվա  քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նրան չի առաջադրել մեղադրանքը։ Չէ՞ որ բոլոր պայմանագրերը եւ վերահսկողական ակտերը վավերացվում են քաղաքապետի ստորագրությամբ։ 

Նիկոյանի փաստաբան Արմեն Անդրիկյանն այս հարցին չի պատասխանում։ «Ինչու չի քննչական մարմինն այս կամ այն անում՝ չեմ կարող ասել, Նիկոյանը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է ամբողջությամբ ապօրինի։ Այն անհիմն է ամբողջությամբ։ Նիկոյանը վերահսկողության լիազորություններ չի ունեցել ընդհանրապես»,- ասաց փաստաբանը։ Բայց նա եղել է, չէ՞, մրցութային հանձնաժողովների նախագահ։

«Այո, հանձնաժողովի նախագահն ունի մեկ ձայնի իրավունք, եւ պայմանագիր կնքելուց հետո հանձնաժողովի ամբողջ կազմի լիազորությունները դադարում են»,- ասում է փաստաբանը։ Աղբամանների եւ այլնի մասով, ըստ Անդրիկյանի, հենց քաղաքապետարանի ներսում կան կոնկրետ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն պայմանագրի կատարման գործընթացով։ «Պարոն Նիկոյանը նման լիազորություն չի ունեցել երբեւէ, ու այս պարագայում ասել, որ նա այդ լիազորությունը լավ չի իրականացրել, ես թողնում եմ ձեր գնահատականին»,- ասաց նա։  

Հիշեցնենք, որ Վահե Նիկոյանն ազատության մեջ է։ Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու քննիչի  միջնորդությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել