168.am-ը գրում է․

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, այդ օրերին Երևան եկած բազմաթիվ արցախահայեր չեն կարողացել վերադառնալ իրենց տուն, նրանցից մեկն էլ արցախյան ազատագրական շարժման ընդհատակյա պայքարի մասնակից, բանաստեղծ, արձակագիր Արիս Գրիգորյանն է. նրա տան ճանապարհն Ադրբեջանը փակել է։

168.am հետ զրույցում Արիս Գրիգորյանը համեմատականներ անցկացնելով 90-ականների և այսօր ստեղծված իրավիճակների միջև, նկատեց՝ գրեթե նույն վիճակն էր, բայց այսօր ավելի բարդ է։

«Այսօր իրավիճակն այնքանով է տարբեր, որ այս ամբողջ  տարիների ընթացքում Ադրբեջանում ռազմական քաղաքականությունը մեծ քայլերով առաջ է գնացել։ Այն ժամանակ միայն որսորդական հրացաններ էին, և մարդիկ կարողանում էին դրանով պաշտպանվել։ Մենք մեր առաջին զենքերն իրենցից էինք վերցնում, երբ առաջ էինք գնում, նրանցից զենքերը միանգամից առգրավում էինք։ Հիմա Ադրբեջանը լավ զինված է, նրա թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այսինքն՝ հիմա ամենամեծ խնդիրն Ադրբեջանի սպառազինությունն է, այնպես որ, մենք այստեղ ցույցերով իրենց դեմ չենք կարողանալու պայքարել»,- նշեց Արիս Գրիգորյանը։

Ըստ ազատամարտիկի, հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, սակայն Ադրբեջանն այդ ճանապարհով չի գնում, քանի որ նա միշտ հանդես է գալիս ուժի դիրքերից։

«Ադրբեջանն այսօր նոր պահանջ է ներկայացնում, Հայաստանից նոր գյուղեր է ուզում, և այսպես էլ շարունակվելու է։ Մինչև միջազգային հանրությունն Ադրբեջանին իր տեղը չդնի, նա չի հրաժարվելու զինված առճակատումներից։

Ադրբեջանի այս գործողություններն ու նման վարքագիծը միշտ էլ սպասելի է եղել, հատկապես, երբ տեսնում էինք, որ ինչ ուզում՝ անում էին, մասնավորապես՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնումից հետո։ Եթե Բերձորի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը պետք է նախագծվեր 3 տարվա ընթացքում և կառուցվեր, այն պետք է շրջանցեր միայն Շուշի քաղաքը։ Սակայն նրանք այնպիսի ճանապարհ կառուցեցին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը։ Այս ամենին պետք է Ռուսաստանը դեմ գնար՝ հստակ ասելով, որ այդ ճանապարհը պետք է շրջանցի ոչ թե Բերձոր քաղաքը, այլ Շուշին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ 90-ականներին հայկական կողմի հաղթանակին հավատացողները շատ էին, ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ  հասարակության մեծ մասը չէր բևեռացվել։ Ազատամարտիկի կարծիքով՝ այս բևեռացումն էլ խանգարում է, որ այսօր ժողովուրդը կրկին միասնական դառնա ու պայքարի։

«Ամենամեծ չարիքն անտարբերությունն է, այսօր մարդիկ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ, դժվար է ասել՝ նաև հայրենիքի նկատմամբ, բայց, ցավոք, այդպես է։

Ամեն դեպքում պետք է հույսը չկորցնենք, որ մարդկանց կարծիքները կմիավորվեն ընդհանուր նպատակի շուրջ՝ հայրենիքը պահելու ու չկորցնելու նպատակի շուրջ»,- եզրափակեց Արիս Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել