2022 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:10-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա. Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում 46-ամյա Ա. Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը: Նման հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։

Ինչպե՞ս է ստացվում, որ դատապարտյալը մահանում է անհայտ հանգամանքներում, անհայտ հիվանդությունից, ինչո՞ւ նրա կյանքը փրկել չի հաջողվել, ինչպե՞ս է ստացվում, որ դատապարտյալին տեղափոխում են բժշկական կենտրոն եւ առանց բուժման ավարտին սպասելու վերադարձնում կալանավայր, որտեղ նա կնքում է մահկանացուն։ Վերջապես՝ ինչի՞ց է մահացել պետության խնամքի տակ գտնվող քաղաքացին։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանից:

Նաիրա Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտյալն ունեցել է որոշակի առողջական խնդիրներ` հեպատիտ C, սակայն մահը, հավանաբար, վրա է հասել այլ հանգամանքներում եւ այլ պատճառով։ «Անձը երբեւէ գանգատ չի ունեցել, ունեցել է հեպատիտ C, որի բուժումն ավարտվել է այս տարվա ապրիլին: Դեկտեմբերի 25-ի առավոտյան անձը շատ պատահական վատացել է, բուժաշխատողներն արձագանքել են, շատ արագ եւ օպերատիվ կերպով տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ: Հիվանդանոցում մեկ օր գտնվելուց, հետազոտություն անցնելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել եւ կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել: Նախքան այդ կայացվել է վերջինիս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու որոշում, սակայն անձն իր ստորագրությամբ հրաժարվել է, ինչից հետո մահացել է քրեակատարողական հիմնարկում: Շեշտենք, որ մահվանից առաջ եւս որեւէ գանգատ չի ունեցել անձը»,- ասաց Նաիրա Բաբայանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է եղել կոնկրետ մահվան պատճառը, հիվանդն ունեցե՞լ է առողջական խնդիր, եթե նշում եք, թե ապաքինված է եղել, ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել հետազոտության ընթացքում, ինչո՞ւ է քաղաքացին հետո վատացել եւ մահացել։ «Մահվան պատճառը կարող են ասել միայն մահվան եզրակացությունն ունենալուց հետո: Քաղաքացին ունեցել է հեպատիտ C, սակայն բուժվել է, հիվանդությունը չի կարող լինել մահվան պատճառ, նա ապրիլ ամսին ստացել է համապատասխան բուժում, որեւէ գանգատ չի ներկայացրել, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ եղել է հոգեբույժի հսկողության տակ, ստացել է հոգեմետ դեղորայքային բուժում: Անձը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, սակայն մահվան օրը կոնկրետ նա չի ներկայացրել որեւէ գանգատ: Արձանագրվել է ինքնազգացողության վատթարացում, որից հետո տեղափոխել ենք հիվանդանոց: Նորից եմ կրկնում` մենք անգամ որոշել ենք տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, սակայն քաղաքացին մերժել է` իր գրավոր դիմումի համաձայն»,- նշեց նա:

Ի՞նչը կարող է դատապարտյալի մահվան պատճառ հանդիսանալ, եթե նա չի ունեցել որեւէ գանգատ, սակայն «Էրեբունի» ԲԿ-ում բուժզննման է ենթարկվել, եւ որոշվել է, որ պետք է ստացիոնար բուժում ստանա։ Նաիրա Բաբայանի խոսքում կարելի է հակասություն նկատել այս մասով: Նախ նշում է, որ քաղաքացին որեւէ գանգատ չի ունեցել, ապա հավելում, որ «Էրեբունի» ԲԿ-ում բուժզննման է ենթարկվել, եւ բժիշկները եկել են այն եզրակացության, որ դատապարտյալը պետք է բուժում ստանա: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե եղե՞լ են արդյոք մարմնական վնասվածքներ հանգուցյալի վրա, կամ գուցե անձը փորձել է ինքնասպա՞ն լինել, Բաբայանն ասաց. «Նման բան չի եղել, դա կարող եք բացառել, գուցե հանկարծամահ է եղել, սակայն հստակ դեռեւս չենք կարող ասել»:

Մենք փորձեցինք պարզել, թե ով է անհասկանալի հանգամանքներում մահացած դատապարտյալը, եւ ինչ հոդվածով է նա դատված եղել: Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին, որ նա 46-ամյա Արմեն Խալեպյանն է: Դատապարտված է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել