Այս ձմռանն Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը որոշվելու է մի շարք գործոններով։ Դրանցից են եղանակը, իրավիճակը Բախմուտում, ՌԴ-ի կողմից հարձակումը, իրադարձությունները Ուկրաինայի սահմաններից դուրս։ Միևնույն ժամանակ, խաղաղության բանակցություններն առայժմ հեռու են թվում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

The Wall Street Journal-ն առանձնացնում է վեց գործոն, որոնք կարող են որոշել պատերազմի ընթացքը.

1. Եղանակ

Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայում դեռևս ցեխ է, և նույնիսկ տանկերը դժվարությամբ են շարժվում։ Հակամարտությունը կարող է սրվել, երբ հողը կարծրանա։ Եվ, չնայած սառնամանիքները կարող են օգուտ բերել Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում, այն մեծ դժվարություն կբերի թիկունքում գտնվող ուկրաինացիներին՝ հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամը:

2. Իրավիճակը Բախմուտում

Հրատարակությունը գրում է նաև, որ Բախմուտը գրավելու ռուսական փորձերը «հոգեբանական նշանակություն» են ձեռք բերել։ Բախմուտի կորուստը թույլ կտար ուկրաինական ուժերին նահանջել ավելի բարձր և ապահով դիրքեր, բայց քարոզչական տեսանկյունից դա կմեկնաբանվեր որպես Մոսկվայի հաղթանակ։

3. Ուկրաինայի հարձակում

Ռազմական վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինան պահպանում է պատերազմի ռազմավարական նախաձեռնության մեծ մասը աշնանը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի հատվածը վերականգնելուց հետո: Նրանք կարծում են, որ Ուկրաինան կցանկանա շարունակել հարձակումը ձմռանը և, հնարավորության դեպքում, էլ ավելի հետ մղել ռուսական զորքերը, գրում է WSJ-ը։

Ռազմական վերլուծաբանները նշում են ուկրաինական հարձակման երկու ակնհայտ ուղղություն. առաջինի թիրախը կլինի Լուգանսկի շրջանի Սվատովո և Կրեմեննայա քաղաքների միջև ընկած գիծը, որը հարում է կարևոր Ռ-66 մայրուղուն։ Երկրորդի թիրախում կլինեն Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ և Բերդյանսկ քաղաքները։ Այս նպատակին հասնելը կընդհատի մատակարարման հիմնական գծերն ու հաղորդակցությունը Ռուսաստանի և Ղրիմի միջև:

4. Ռուսական պաշտպանություն

Ռուսաստանի համար աշնանը գրավված տարածքները կորցնելու առավելություններից մեկն այն է, որ այժմ նա պետք է պաշտպանի ռազմաճակատի շատ ավելի կարճ հատվածը, ասվում է հոդվածում։ Ուկրաինական հաշվարկներով՝ ճակատը մոտ 1100 կմ-ից կրճատվել է մոտ 885 կմ-ի, որից մոտ 386 կմ-ը գետային արգելապատնեշներ են։ Իսկ Ուկրաինայի հարձակման հավանական ուղղությունները ակնհայտ են նաև ռուսների համար։

«Ռուսաստանի ներկայիս նպատակը, բացառությամբ Բախմուտի և մի քանի այլ շրջանի, չպարտվելն է», - նշում են ռազմական վերլուծաբանները հրապարակման մեջ:

5. Ռուսաստանի հարձակում

Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսաստանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում է նոր մեծ հարձակման Ուկրաինայում։ Նրանց կարծիքով՝ դա կարող է ներառել նոր հարձակում Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ։

Արևմտյան վերլուծաբանները թերահավատ են, որ պահեստազորը կկարողանա հասնել նրան, ինչին ավելի մարտունակ և պատրաստված զորքերը չկարողացան անել այս տարվա սկզբին:

6. Իրադարձություններ Ուկրաինայից դուրս

«Եթե Պուտինը հույս ունի, որ Արևմուտքի աջակցությունը կթուլանա, դա դեռ տեղի չի ունեցել: Այս ամիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ցույց է տալիս ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային: Մինչ այժմ եվրոպական կառավարությունների աջակցությունը, կարծես, շարունակվում է, նույնիսկ այն պայմաններում, երբ տնտեսությունը թուլացել է էներգիայի բարձր գների պատճառով», - ասվում է հոդվածում:

Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ թեև որոշ արևմտյան և ոչ միայն արևմտյան առաջնորդներ կշարունակեն խոսել խաղաղության հաստատման պայմանների մասին, սակայն խաղաղության բանակցությունները հեռու են թվում, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել