168.am-ը գրում է․

Հոդվածաշարի այս մասում «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։

Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։

  • Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի և նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020թ․ դետեմբերին։
  • Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։
  • Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,

2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,

3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ լոյալ մոտեցումը օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարացման համար, չի բխում Արևմուտքի շահերից։ Բրյուսելի համար խիստ անցանկալի է նաև հակամարտության վերսկսումը այնպիսի մասշտաբներով, որը կարող է սպառնալիք ստեղծել Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող էներգետիկ ենթակառուցվածքների համար։

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Ամեն կերպ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը և Ադրբեջանի հետ վերջին տարիներին մեծացող էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ին դարձնում են այս բանակցությունների շահագրգիռ մասնակից։ Որքան մեծանան ԵՄ ակնկալիքներն Ադրբեջանից էներգակիրների մատակարարման հարցում, այնքան միջնորդության նժարը թեքվելու է դեպի ադրբեջանական շահերի տիրույթ։

Նաև այս է պատճառը, որ Բաքուն, մերժելով, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, փորձելով չեզոքացնել համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը, հոժարությամբ համաձայնում է Բրյուսելի միջնորդությանը, քանի որ միջնորդի նկատմամբ ունի ազդեցության որոշակի լծակներ՝ ամեն օր դեպի ԵՄ մատակարարվող էներգակիրների տեսքով։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ նախապատվությունը տալիս Ադրբեջանի հետ բանակցությունների հենց բրյուսելյան հարթակին․ ընդ որում այս միտումը հատկապես նկատելի է ուկրաինական ճգնաժամից հետո, երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել