ԱՊՀ ամենամյա տարեվերջյան ոչ պաշտոնական վեհաժողովին մասնակցելու նպատակով Պետերբուրգ մեկնած Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Կողմերը պետք է հանդիպեին ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ կողմերի ցանկության դեպքում Ռուսաստանը դեմ չէ կազմակերպել հանդիպում՝ ոչ պաշտոնական վեհաժողովի հարթակում: Նախօրեին հստակեցրեց՝ հանդիպում նախատեսված չէ։ 

Ըստ ամենայնի, ցանկություն չի հայտնել պաշտոնական Երեւանը, ինչպես որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս հրաժարվեց մեկնել Մոսկվա եւ հանդիպել ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Լավրովի ու Բայրամովի հետ, որի մասին պայմանավորվածություն էր եղել դեռեւս Լաչինի միջանցքը փակելուց առաջ: Դեկտեմբերի 23-ին արդեն երկկողմ հանդիպման շրջանակներում Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում Լավրովը զարմանք էր հայտնել, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրն իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից եւ ոչ թե դիվանագիտական ուղիներով։ Սակայն Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել, որ նախապես է հայտնել իր չմասնակցելու մասին։ «Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի՝ Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա եւ դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն»,- ԶԼՄ-ներին փոխանցել էր Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարի այս մերժումը իշխանական պրոպագանդան հերոսապատումի վերածեց, թե՝ տեսեք, ՀՀ իշխանություններն այնքան ուժեղ են, որ հավասարը հավասարի են հարաբերվում գերտերությունների հետ, եւ, այ, այսպիսի պատասխան կստանա Ռուսաստանը, եթե չկատարի մեր նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Խոսքը միջանցքը բացելու մասին է, Փաշինյանն ու իր իշխանությունը ստեղծված իրավիճակի մեղավոր են կնքել ռուս խաղաղապահներին եւ այսպիսով, կարելի է ասել, դեմարշ են անում Ռուսաստանի  դեմ։ 

Ըստ ամենայնի՝  նույն տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանն է դեմ եղել Սանկտ Պետերբուրգում Ալիեւի հետ հանդիպմանը, սակայն այցը Ռուսաստան չի չեղարկել՝ առավել մեծ աղմուկից եւ հայ-ռուսական լարումից խուսափելու համար: ՀՀ իշխանությունների կողմից գեներացվող հակառուսական քաղաքականության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։

- Նախ, ՀՀ արտգործնախարարի մերժումը, իսկ երեկ Փաշինյանը չհանդիպեց Ալիեւի հետ՝ փորձ է արվում կարծես ցույց տալու, թե Հայաստանն այլեւս չի վստահում ՌԴ միջնորդությանը, մինչդեռ թվում էր՝ նման իրավիճակում, երբ Լաչինը փակ է մոտ երկու շաբաթ, իշխանություններն ավելի զգույշ պետք է գործեին։ Ձեր կարծիքով, ընդդեմ Ռուսաստանի բարձրացվող այս ալիքի բուն նպատակը ո՞րն է։

- Չեմ կարծում, որ սա հակառուսական քաղաքականություն է, որովհետեւ դրա համար էլ մարդիկ պետք է ինչ-ինչ գաղափարներ ունենան։ Մենք ավելի շատ գործ ունենք ռեակտիվ գործունեության հետ, երբ չկա ո՛չ սեփական քաղաքականություն, ո՛չ սեփական օրակարգ։ Այս իշխանությունները բոլոր պարագաներում փորձում են մեղավորներ գտնել, բոլորը մեղավոր են, բացի իրենցից, այս անգամ, փաստորեն, ռուսներն են մեղավոր, դրա համար էլ սլաքներն ուղղել են։ Կարծիքներ կան, որ ինչ-որ բան է նախապատրաստվել․ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանից առաջարկությունների ինչ-որ փաթեթ են ստացել․ ում հետ պիտի քննարկվի, ինչ առաջարկներ են եւ այլն, մեզ համար անհասկանալի է։ Կարծում եմ՝ իշխանությունները փորձել են տարբեր ուղղություններով աշխատել, բայց չունենալով դիրքորոշում՝ տապալվել են։ Հիմա, խուսափել բանակցություններից՝ մի բան է միայն նշանակում՝ խուսափել պատասխանատվությունից։ Ես կհասկանայի, որ ձեւակերպվեր պայման, որ մասնակցությունը բանակցություններին կլինի, եթե վերականգնվի ստատուս քվոն, բացվի միջանցքը։ Բայց նման հայտարարություն չկա, որեւէ ձեւով չկա անդրադարձ սեպտեմբերյան դեպքերին, երբ հանձնվել են Լաչինն ու Աղավնոն։ Փաստորեն, մենք տեսնում ենք, որ այս զիջումները ոչնչի չեն բերում, պարզապես Ադրբեջանի ախորժակն է բացվում։ Հետեւաբար՝ ՀՀ իշխանությունների վերջին գործողությունները մի քանի բան են նշանակում՝ մեղավորներ գտնել, երկրորդ՝ խուսափել պատասխանատվությունից, եւ երրորդ՝ որ մինչ այդ ապաշնորհ գործունեության պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, որը կարող է ցուգցվանգային համարվել։

- Գուցե մեղավորներ կարգելու քաղաքականությունը ներքին տիրույթում աշխատում է, բայց չե՞ք կարծում, որ արտաքին գործընկերների հետ նման փոխհարաբերությունները պետության համար լի են վտանգներով։ Եթե անգամ ճիշտ են՝ ռուսները թերանում են, իշխանությունն ունի՞ այլընտրանք։

- Գիտեք, եթե դու մի պետության համար համարվում ես անհուսալի գործընկեր, քեզ նույն վերաբերմունքին կարժանացնեն նաեւ մյուս խաղացողները։ Եվ, այո, այս քայլերն արվում են ներքին լսարանի համար։ Ես վերջերս մի տեղ կարդացի, որ Արարատ Միրզոյանը գնացել է Մոսկվա։ Նյութի տակ կային հազարավոր մեկնաբանություններ (ինձ համար էլ էր զարմանալի, որ այդքան գրողներ կային)՝ հետեւյալ բովանդակությամբ, որ ապրես, Արարատ, կզզցրիր․ ում կզցրեց, ինչպես կզցրեց, ես չհասկացա։  Փոխարենը հասկանալի է, որ եթե կան նման հազարավոր մարդիկ, ուրեմն իշխանության հենարանը հենց նրանք են, եւ նրանց կարծիքն է որոշիչ իշխանությունների համար եւ ոչ թե միջազգային գործընկերների։

- Իսկ գործընթացներն ի՞նչ են հուշում՝ գուցե ՀՀ իշխանությունները, իսկապես, այլընտրանք ունեն, գիտենք, որ դիմել էին ՄԱԿ-ին, որ Լաչին գործուղեին դիտորդական խումբ։ Գուցե սա՞ է հեռանկարում, որ մեր իշխանությունները Ռուսաստանին ատամ են ցույց տալիս։

- Եթե ինչ-որ հաջողություններ լինեին, մեր իշխանությունները նախապես կթմբկահարեին՝ մինչեւ այդ հաջողություններն ունենալը, ե՛ւ պաշտոնական, եւ ո՛չ պաշտոնական աղբյուրները կթմբկահարեին։

- Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ Ռուսաստանն իսկապես ունի պարտավորություն, որ պետք է կատարի, եթե չի անում, ինչպե՞ս եք ելքը պատկերացնում։

- Իմ կարծիքով, մինչ այդ եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ Բորելի հետ (ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորել՝ Լ․ Շ․), հետո՝ մի չկայացած հանդիպման պատմություն, որտեղ Ալիեւը պատրվակ ներկայացրեց, թե չկա պայմանավորվածություն Մակրոնի մասնակցության վերաբերյալ, հիմա՝ նոր պայմանավորվածություն, նոր փաթեթ, որի մասին տեսանք, թե Ադրբեջանն ինչ զգուշավոր ներկայացրեց․ արտգործնախարարը զերծ մնաց որեւէ քննադատությունից, ինչն արվում էր նախկինում։ Մեզ այս անորոշության մեջ մնում է սպասել, որ վիճակը կհստակեցվի։ Բայց ինչն է կարեւոր․ այսօր կա լավ հնարավորություն՝ իրականացնել այն դրույթը, որը գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում․ ճանաչում՝ հանուն փրկության։ Ամբողջ աշխարհը կարող է համոզվել, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն ապագա չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել