168.am-ը գրում է․

15 օր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում չեն ընկճվում, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ապրեն իրենց հողում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն ասաց՝ ցավոք, արցախցիները սովոր են նման իրավիճակների։

«Այս պահին իրավիճակը դեռևս նորմալ է։ Այստեղ բանջարեղեն չունենք, դեղորայքը երևի կունենանք, նման խնդիրներով բնակիչները դեռևս չեն դիմել մեզ։ Այսպես ասեմ՝ եղած խնդիրները դեռ կարողանում ենք լուծել։

Բնակչության տրամադրությունը նորմալ է, ընկճված չեն։ Ցավոք, այս ամենին մեր բնակչությունը սովոր է, պատրաստ են ամեն ինչի»,- նշեց Ազնավուր Սաղյանը։

Նա տեղեկացրեց, որ քաղաքում գազ կա, այդ առումով խնդիր չունեն։

«Հիմա դիզվառելիքն ու բենզինն է խնդիր։ Առաջացող հարցերը քննարկում ենք Օպերատիվ շտաբի հետ և ըստ անհրաժեշտության՝ առաջ շարժվում»,- հավելեց Մարտունու քաղաքապետը։

Ազնավուր Սաղյանը դժվարացավ ասել, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը, այսինքն՝ չցանկացավ ասել, ընդգծելով.

«Չասեմ, թե ինչպես եմ ես պատկերացնում հարցի լուծումը, սա գրելու էլ չէ, որ ասեմ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել