Armenpress.am-ը գրում է.

Իրանական զենքի արտադրության ոչնչացման կոչերը քաղաքական և իրավական հետևանքներ կունենան Ուկրաինայի համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

«Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ չենք մասնակցում ուկրաինական պատերազմին և պատրաստ ենք օգնել ճգնաժամի կարգավորմանը և խաղաղության հաստատմանը: Ուկրաինայի իշխանությունների սպառնալից հռետորաբանությունը համարում ենք անպատասխանատու, որը կունենա քաղաքական և իրավական հետևանքներ», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Այսպես է Քանաանին մեկնաբանել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը, որն ավելի վաղ կոչ էր արել ոչնչացնել Իրանում զենքի արտադրությունը:

Դեկտեմբերի 24-ին Պոդոլյակը հայտարարել Էր, որ հարկավոր է Իրանի դեմ կիրառել «ավելի կործանարար» միջոցներ, քան պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ Իրանը ծրագրում է մեծացնել հրթիռների ու անօդաչուների մատակարարումները Ռուսաստանին, ինչով «բացահայտորեն նվաստացնում է» նաև միջազգային պատժամիջոցների ինստիտուտը և ցուցադրում դրա անարդյունավետությունը։ Պոդոլյակը նշել էր, որ հարկավոր է անցնել ավելի կործանարար միջոցների՝ գործարանների ոչնչացման, մատակարարների ձերբակալման։

ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ պնդում են, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործման համար:Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այս պնդումները՝ նշելով, որ Իրանը ԱԹՍ-ներ մատակարարել է ՌԴ-ին, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել