Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ում մի քանի օր առաջ սկսված ձնաբուքն առնվազն 34 մարդու կյանք է խլել: Ամբողջ երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, իսկ ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է դարձել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Լրատվամիջոցը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ մարդիկ փակված են մնացել տներում, տասնյակ հազարավոր տներ և ձեռնարկություններ զրկվել են էլեկտրական հոսանքից: Բացի այդ, շատերը մնացել են ճանապարհին՝ ավտոմեքենաների մեջ, ոմանք՝ նույնիսկ 2 օրից ավելի: Արտակարգ ծառայությունները դժվարանում են հասնել նրանց:  CNN-ն էլ հաղորդում է, որ ձնաբուքն առնվազն 37 մարդու կյանք է խլել:

Ծայրահեղ եղանակային պայմանները տարածվել են Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մինչև Ռիո Գրանդե գետ՝ Մեքսիկայի հետ սահման՝ ազդելով ԱՄՆ-ի բնակչության շուրջ 60 %-ի վրա:

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի գրեթե բոլոր հրշեջ մեքենաները հայտնվել են արգելափակման մեջ: Մարդկանց կոչ են արել հետևել նահանգում հայտարարված երթևեկության արգելքին: Նյու Յորքի օդանավակայանը փակ կլինի մինչև երեքշաբթի առավոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել