Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը  կասեցնելու մասին», - հայտարարել Է նա։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»:

«Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում: Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել