ՀՀ կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` առաջարկելով որոշ փոփոխություններ կատարել կառավարական էսկորտների երթեւեկությանը վերաբերող կանոններում եւ «ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային շարասյուների երթեւեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը»։ 

Նշենք, որ կառավարական ավտոշարասյուների երթեւեկությունը կարգավորվում է 2006 թվականի օգոստոսի 18-ին կառավարության ընդունած «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթեւեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշմամբ։ Հենց այս որոշման մեջ էլ գործադիրը, իսկ ավելի կոնկրետ` Ազգային անվտանգության ծառայությունը, առաջարկել է կատարել հետեւյալ փոփոխությունները։ Մասնավորապես, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթեւեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները (ուղեկցող խմբի ավագը):

Մեկ այլ կարգավորմամբ էլ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչեւ 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթեւեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով եւ մոտոցիկլետներով երթեւեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։ Նկատենք, որ առաջարկվող կարգավորումը չի հստակեցնում, թե ինչ հարձակման կամ սպառնալիքի դեպքում է ուղեկցողներին իրավունք վերապահվում սահմանված առավելագույն արագությունը գերազանցել։ Հետեւաբար, այս դրույթը եւս հետագայում կարող է մեկնաբանվել կամայականորեն, այն է՝ իր ստվերից վախեցող վարչապետն ու նրան ուղեկցողները կարող են ամեն վայրկյան կարծել, թե վտանգ կա, ու գերազանցելով արագությունը՝ սպառնալիք ներկայացնել քաղաքացիների կյանքին։

Մինչդեռ թվում էր, թե այս տարվա ապրիլին տեղի ունեցած դաժան ողբերգությունը պետք է սթափեցներ պատասխանատուներին, եւ  կանոնակարգեին ուղեկցման գործողությունները, նաեւ նվազեցնեին հանրապետության փողոցներով սլանալու արագությունը, այլ ոչ թե օրինականացնեին այդ անհեթեթ ու վտանգավոր սլացքը: Խոսքը  2022 թ. ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի մասին է․ վարչապետի կորտեժը մեծ արագությամբ սլանալով` վրաերթի էր ենթարկել առաջնեկին սպասող Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։ Արդյունքում անգամ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը չպատժվեց, եւ իշխանությունը ներկայացրեց, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, երբ վարչապետի շարասյունը հղի կնոջ է մեքենայի տակ գցել ու սպանել:

Այժմ, փաստորեն, տեղի է ունենում ճիշտ հակառակը․ Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրում է նման միջադեպերից, որ եթե հետագայում եւս մեկն ընկնի մեքենայի տակ, ոչ մեկը դրա համար պատասխանատվության չենթարկվի, եւ անգամ հանրային աղմուկ չբարձրանա։ 

Նշենք, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթեւեկում են «հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը եւ այլ անձինք, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւ նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաեւ ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք»։ Այսինքն, ուղեկցող մեքենաները՝ նույնպես։

Որոշման նախագիծը նախօրեին հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի e-draft․am հարթակում։ Հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2023թ. հունվարի 5-ին, որից հետո, հավանաբար, կներկայացվի կառավարության հաստատմանը։ Իսկ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել