Երեկ կառավարության շենքի դիմաց էին «Համախմբում» շարժման անդամները։ Նրանք կառավարությանը պահանջագիր ներկայացրին, զրուցեցին լրագրողների հետ, հայտարարություններ արեցին։ Թեման ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելն ու Արցախը շրջափակման մեջ պահելն էր։ Շարժման անդամներից Ավետիք Չալաբյանը ԶԼՄ-ներին ներկայացրեց իրենց պահանջագրի էությունը։

««Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն արձանագրում է, որ 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային ոճրագործություն է, այն պարունակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործության տարրեր, հող է նախապատրաստվում Արցախի հայության տեղահանման եւ ցեղասպանության համար։ Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում ՀՀ քաղաքական իշխանության՝ որպես Արցախի անվտանգության օրինական երաշխավորի, որդեգրած կրավորական վարքագիծը եւ նրա կողմից՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկի, փաստացի դրսեւորվող անգործությունը։

Հաշվի առնելով ստեղծված ծայրահեղ սպառնալից իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության առջեւ ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ, ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք․
1. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման անմիջական հետքերով սեղմ ժամկետում պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ձեռնարկելու վերջինիս կանոնադրությունից բխող հստակ կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես կիրառելու համապատասխան պատժամիջոցներ Ադրբեջանի Հանրապետության եւ նրա քաղաքական ղեկավարության դեմ։
2. Զուգահեռաբար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախում ներկայումս իրականացվող խաղաղապահ առաքելությունը ընդլայնելու, նրան անժամկետ միջազգային մանդատ տրամադրելու պահանջով, ինչպես նաեւ Արցախում ՄԱԿ-ի ներկայացուցչություն հիմնելու առաջարկով։
3. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առաջարկելով վերականգնել համանախագահության բանակցային գործընթացի ձեւաչափը։
4. Վերահաստատել ՀՀ Անկախության հռչակագրով եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի պարտականությունները։ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտման պայմաններում ՀՀ զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումների միջոցով ապահովել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգ գործունեությունը։
5. Հիմք ընդունելով 1991 թ․ դեկտեմբերի 10-ի՝ Արցախի հանրաքվեի որոշումը, ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ Ազգային ժողովի օրակարգ ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ»,- ասաց Չալաբյանը։

«Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ըստ որի՝ այդ հայտարարության կողմերից մեկը Հայաստանն է, ուստի պիտի ջանքեր գործադրի միջանցքը բացելու ուղղությամբ, այլ ոչ թե մեղադրի ռուս խաղաղապահներին։ «Այսօր, այս շենքում այս կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Այսինքն՝ եթե մինչ այս հնչում էին քննադատություններ խաղաղապահների հասցեին, այսօր հնչել է ուղիղ մեղադրանք։ Սա, կարծում եմ, պատասխանատվությունից խուսափելու անիմաստ, անհաջող փորձ է, եւ ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը, որովհետեւ այդ հայտարարության առաջին կետով հայտարարության կողմեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը, եւ այս հայտարարության իրագործման պատասխանատուները՝ պարտականությունների կատարման կամ չկատարման իմաստով, երկու կողմեր են՝ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Հիմա եթե իր եւ Ալիեւի հետ պայմանավորվածությամբ չի փակվել այս ճանապարհը, ինչը, իմ ներքին համոզմամբ, այդպես է, ապա թող բացի այդ ճանապարհը, դա իր պարտականությունն է, եթե չի բացում, ուրեմն իր հետ համաձայնեցված է»,- ասաց Ղազարյանը։

Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն էլ ընդգծեց, որ Արցախում ապրող 120 հազար հայեր կապույտ անձնագիր ունեն, նրանք ՀՀ քաղաքացիներ են, եւ, հետեւաբար, ՀՀ կառավարությունը նրանց նկատմամբ պարտավորություններ ունի․ «Արդեն 11-րդ օրն է, ինչ 120 հազար մարդ շրջափակված է, 120 հազար մարդու կյանքի իրավունքին բացարձակ վտանգ է սպառնում, եւ այդ 120 հազար մարդը կրում է կապույտ անձնագիր՝ ՀՀ անձնագիր է կրում, որի մեջ գրված է, որ այդ անձնագրի կրողը ՀՀ հովանու ներքո է։ Այս իշխանությունների լռակյաց վիճակը մենք գործարք ենք համարում Իլհամ Ալիեւի հետ։ Այս 11 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2 անգամ է անդրադարձել թեմային, որոնք, բնականաբար, «Ես մեղք չունեմ, Ռուսաստանն է մեղավոր», «Ես մեղք չունեմ, Ադրբեջանն է մեղավոր» մտքերով էին։ Մեկ անգամ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է գնացել, բայց միայն՝ քննարկում, այսինքն՝ Անվտանգության խորհրդի՝ պարտավորեցնող բանաձեւ ընդունելու վերաբերյալ դիվանագիտական հանձնարարություն չի տրվել։ ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերը՝ տարբեր երկրների հետ, այս հարցի վերաբերյալ որեւէ աշխատանք չեն տարել, եւ մեր այսօրվա միջոցառման նպատակը հենց հանրությանը տեղեկացնելն է այդ անգործության մասին եւ փորձել հանրային պահանջ ստեղծել, որ այս իշխանությունն ն Արցախի ապաշրջափակումը վերացնելու վերաբերյալ որեւէ քայլ անի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել