168.am-ը գրում է․

Արդեն 11 օր է՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը կամ Լաչինի մարդասիրական միջանցքը փակ է:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը՝ երեխաներ, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: Իսկ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Օրերս Հնդկաստանի նախագահությամբ և Հայաստանի դիմումի հիման վրա տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:

Իհարկե, ՀՀ-ում որոշակի դժգոհություն կա ՌԴ ներկայացուցչի ելույթի առնչությամբ, որ իբր կարողացել են հասնել Լաչինի միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակման:

Իսկ ՄԻԵԴ-ն էլ որոշել է պարտավորեցնել Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ծանր հիվանդների, ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Այսինքն, հումանիտար ներկայացված հարցին, ստացել ենք հումանիտար արձագանք:

Լաչինի միջանցքի փակ լինելը որքանո՞վ է հումանիտար հարց, որքանո՞վ՝ քաղաքական խնդիր, և որքանո՞վ է լուծման բանալին ՌԴ-ի, միջազգային հանրության և ՀՀ իշխանության ձեռքում:

Նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքի բացման գործում:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Արցախում ծանր իրավիճակ է ստեղծված, և վստահաբար կարելի է ասել, որ միջանցքում երթևեկության վերականգնումն ընդհանուր իրադրության հանգուցալուծման չի բերելու։ Իրականում՝ խնդրի լուծման բանալին և՛ ՌԴ-ի, և՛ ՀՀ իշխանությունների, և՛ միջազգային հանրության ձեռքում է:

Խնդիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրական ջանքեր չի գործադրում խնդրի հանգուցալուծման ուղղությամբ։ ՀՀ իշխանություններն իրավիճակին համարժեք չեն գործում, Ռուսաստանի վարքագիծը, մեղմ ասած, շատ կասկածելի է, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է միայն դեկլարատիվ հայտարարություններով։

Ադրբեջանական գործողությունները բավականին համակարգված են, և գործում են ցանկացած իրադրությանը համահունչ։ Եվ այս դեպքում, երբ Հայաստանի, Ռուսաստանի կամ հավաքական Արևմուտքի կողմից չկան կտրուկ քայլեր, կարծես դիտորդի կարգավիճակում լինեն, ադրբեջանական կողմը կարողանում է խաղարկել իր ցանկացած քայլ։ Եվ որքան շարունակվի ճանապարհի շրջափակումը, իսկ միջազգային հանրությունն էլ հստակ ճնշումներ չբանեցնի Բաքվի վրա, ադրբեջանական կողմն այս ընթացքում պահեստային այլ տարբերակներ, գործիքակազմեր ևս կմշակի, կհամակարգի՝ հետագայում այլ սադրանքներ անելու համար։ Այնպես որ՝ եթե նույնիսկ ճանապարհն այս փուլում բացվի էլ, ժամանակավոր հումանիտար խնդիրները կարգավորելուց բացի, դրանում գլոբալ առումով ոչ մի լավատեսական բան չկա: Թշնամու գործելաոճն իմանալով, պարզ է՝ Արցախի ներքին կյանքին մշտապես «խառնվելու», ՌԴ-ին վարկաբեկելու ակցիաներ կազմակերպելու, աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար, ադրբեջանական կողմը ոչ ստանդարտ գործողությունների է դիմելու:

– Տարբեր փորձագետներ նշված խնդրի կարգավորման տարբեր սցենարներ են նախանշում, Ձեր կարծիքով՝ ինչի՞ դիմաց թեկուզ ժամանակավոր կբացվի Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը:

– Երբ ցանկացած սցենար, այսպես ասած, թելադրում է ադրբեջանաթուրքական տանդեմը, որ ինչ-որ փուլում թեկուզ ժամանակավոր խնդիրը կարգավորվի, պարզ է՝ դրա դիմաց թշնամու կողմն անպայման մի բան ստանալու է։

Ըստ այդմ՝ Ադրբեջանի առաջ քաշած պահանջ-վերջնագրերին պետք է ամեն կերպ դիմադրել, դրան զուգահեռ՝ պետք է ժամանակն օգտագործել դիվանագիտական ճակատում՝ ստիպելով միջազգային հանրությանն ավելի կտրուկ քայլերով ազդել իրավիճակի հանգուցալուծման վրա։ Եթե լինեն հստակ ճնշումներ ադրբեջանական կողմի վրա, կարծում եմ, Ադրբեջանը ճանապարհը երկար ժամանակ փակելու ռեսուրսներ չի ունենա։

Օրինակ, երկու օր առաջ ՄԱԿ ԱԽ նիստում հասցեական հայտարարություններ հնչեցին միջանցքի բացման հետ կապված, ոչ լիարժեք, բայց անհրաժեշտ ճնշումներ էին։ Սակայն միայն հայտարարություններով չի կարող իրավիճակի հանգուցալուծում տեղի ունենալ:

Մինչև Ադրբեջանը չհասկանա և չգզա, որ իր քայլերը կարող են բերել պատժամիջոցների, սցենարային տարբեր փոփոխություններով կշարունակի իր գործելաոճը։

Ռուսաստանից ևս ակնկալիքները շատ մեծ են, բայց, ցավոք, դրանք մինչ այս պահը չեն արդարացվում: Ռուսաստանն է գլխավոր դերակատարը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, սակայն կարծես լրացուցիչ ջանքեր չի գործադրվում խնդրի հանգուցալուծման ուղղությամբ։ ՄԱԿ ԱԽ ՌԴ ներկայացուցչի ասելիքը ևս խնդրահարույց էր, հատկապես ճանապարհի մասնակի բաց լինելու վերաբերյալ։ Չկան հստակ ճնշումներ, չկան քաղաքական հստակ պայմանավորվածություններ խնդրի երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։

Կրկնում եմ՝ եթե ինչ-որ փուլում, օրինակ՝ մինչև նոր տարի Ադրբեջանը ցուցադրական «մարդասիրաբար» ճանապարհը ժամանակավոր բացի, մի քանի օրից կարող է նորից փակել, քանի դեռ նրա մի շարք պահանջներ չեն կատարվել, քանի դրա դիմաց ինչ-որ գին չենք վճարել:

 Ի սկզբանե ինչի՞ համար ադրբեջանցի «բնապահպանները» փակեցին Արցախը ՀՀ-ին կապող միջանցքը, արդյո՞ք այդ քայլը «Զանգեզուրի միջանցքը» ստանալու պահանջի տրամաբանության մեջ էր:

– Տեսեք՝ երբ խոսում ենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տեղի ունեցող կուլիսային քննարկումների մասին, հատկապես իշխանական քարոզչամեքենան բուռն է արձագանքում այդ թեմային, այն համարում ֆեյքային, մտացածին ինչ-որ թեմա։ Ի սկզբանե, Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական առաջին պահանջը կապված էր Արցախի հանքարդյունաբերական ֆիրմաների աշխատանքի հետ՝ իբր բնապահպանական խնդիրներով պայմանավորված։

Եթե նույնիսկ բոլոր խնդիրները չվերլուծենք աշխարհաքաղաքական համատեքստում, Շուշիի ճանապարհի փակման հանգամանքը չկապենք, օրինակ, Հայաստանի տարածքով միջանցք տալու հետ, այլ զուտ դիտարկենք Արցախի հանքավայրի հնարավոր փակման տեսանկյունից, արդեն Ադրբեջանը մի մեծ խնդիր է փորձում լուծել։ Հանքավայրից գոյացող գումարներն Արցախի տնտեսության մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն, այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, և Ադրբեջանը փորձում է Արցախի եկամուտների լուրջ կրճատման հասնել և մեծացնել գործազրկության ցուցանիշը: Եվ եթե այս փուլում նույնիսկ այս խնդիրն Ադրբեջանը լուծի, դա հսկայական հարված կլինի Արցախին և ՀՀ-ին։

– Ի դեպ, ռադիկալ դիրքորոշում ունեցողները ռազմական լուծման տարբերակի մասին են հուշում, մենք նման բան այս պահին կարո՞ղ ենք մեզ թույլ տալ:

– Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարային իրավիճակի։ Չգիտեմ, թե այս պահին ինչ խնդիր է դրված մեր բանակի առջև, բայց միջանցքի երկար ժամանակ փակ մնալու պայմաններում, երբ վտանգվի արցախցիների կյանքն ու անվտանգությունը, մեր Գլխավոր շտաբը պարտավոր է քննարկել և մշակել լուծումներ՝ միջանցքը բացելու ուղղությամբ։ Նշեմ, որ ադրբեջանական կողմը սպասում է նման զարգացումների, ռուսական կոնտինգենտն Արցախում բավականին փոքր է՝ մոտ 2000 զինծառայող, իսկ հակամարտության հետագա սրացումը կանխելու համար ուղղակի պարտավոր ենք պատրաստ լինել ամենավատ զարգացումներին։

– Այս օրերին ուշադրության կենտրոնում Արցախի շուրջ իրադրությունն է, ինչը, իհարկե, ճիշտ է, սակայն Հայաստանի Հանրապետության և նրա սահմանների շուրջ էլ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

– Պրոցեսներն իրար հետ փոխկապակցված են։ Որքան էլ Լաչինի միջանցքի փակումը փորձեցի դիտարկել միայն հանքավայրերը փակելու, Արցախին տնտեսապես խեղճացնելու տեսանկյունից, բայց իրականում ռեգիոնալ տեսանկյունից լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, և թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն Իրանի սահմանով է ակտիվություն դրսևորում, այլ նաև ՀՀ սահմանների տարբեր ուղղություններով։

Դա միանշանակ կապված է նաև ՀՀ-Ադրբեջան հնարավոր բանակցությունների, ՀՀ տարածքով, այսպես կոչված, միջանցք տրամադրելու խոսակցությունների, բանավոր պայմանավորվածությունների հանգամանքով։

Կրկնում եմ՝ Ադրբեջանի քայլերը բավականին համակարգված են, փոխկապակցված, մեկը մյուսին փոխլրացնող: Եվ իրադրությունն այնպես է դասավորվել, որ Ադրբեջանը կարողանում է Թուրքիայի հետ համատեղ ռեգիոնալ ավանտյուրաների դիմել ու շահեկան դիրքերում է հայտնվում։ Այնպես որ, այս փուլում, Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը բացելու ընթացքում, դրանից հետո, ինչ իրավիճակ էլ լինի Արցախի վերաբերյալ, ՀՀ սահմանների շուրջ լարվածությունը պահպանվելու է։

 Այս համատեքստում հավելենք, որ օրերս Հայաստան էր ժամանել և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը: Այս այցից օրեր անց Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնեց, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր է ստեղծելու Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Անցումային թիմն աջակցելու է նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացին, նպաստելու է ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։ Ի՞նչ կարելի է ենթադրել սրանից, ի՞նչ է քողարկված ԵՄ այս նպատակների տակ: Ի վերջո, առաջին առաքելության մասին զեկույցը դեռ չի էլ հրապարակվել, իսկ միջազգային դիտորդների առաքելության օրերին ՀՀ սահմաններին լարված էր, անգամ վիրավորներ ունեցանք:

– Չեմ կարող հստակ ասել, թե կուլիսներում ինչ պայմանավորվածություններ կամ ինչ պրոցեսների շուրջ են քննարկումներ տեղի ունենում, բայց բրիտանական հետախուզության ղեկավարի այցը Երևան փաստում է, որ հավաքական Արևմուտքը Հարավային Կովկասում իր հետաքրքրությունները փորձում է ավելացնել։ Նշեմ, որ Մուրի այցից առաջ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը ևս եղել է Երևանում։

Ըստ իս՝ Արևմուտքը փորձում է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից և Հարավային Կովկասում թուլացնել ՌԴ-ի դերը, դրա մեջ փորձում են ներգրավել նաև Հայաստանը: Կարծում եմ, ճիշտ չէ այցերը զուտ Հայաստանում անվտանգային ոլորտներում բարեփոխումներին աջակցելու հարցերով պայմանավորել, գնահատել, դրանք միանշանակ կրում են գեոպոլիտիկ բնույթ։

Հարկավոր է զգույշ խաղալ, որպեսզի մեկ անգամ ևս (ինչպես 2020թ. չարաբաստիկ 44-օրյա պատերազմն էր), չհայտնվենք աշխարհաքաղաքական ուժերի բախման կենտրոնում։

Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելության արդյունավետությանը, ապա մինչև զեկույցը չհրապարակվի, և չտեսնենք, թե միջազգային խաղացողներն ինչպիսի քայլեր են ձեռնարկում Ադրբեջանին զսպելու ուղղությամբ, այս պահին խոսելը կամ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ կլինի։

Բայց այսօր էլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Այսինքն, դեռևս չգնահատելով նախորդ փաստահավաք խմբի արդյունավետությունը, նոր իրավիճակային ու խճճված որոշումներով է հանդես գալիս՝ չմտածելով հետագա հնարավոր քաղաքական հետևանքների մասին։

Ինչևէ, տարածաշրջանում նոր իրավիճակ է հասունանում, նոր դերակատարներով, իսկ մեր անվտանգային խնդիրները դրանցից ոչ թե պակասում են, այլ ընդհակառակը՝ անընդհատ ավելանում են:

 Ռազմական լարվածության հավանականությունը մե՞ծ է, և ո՞ր ուղղությամբ:

– Մարտական գործողությունների վտանգ միշտ էլ կա, ինչպես վերևում նշեցի, եթե արցախցիների, և, ինչո՞ւ չէ՝ ՀՀ շրջանի որևէ ուղղությամբ մեր քաղաքացիների կյանքի ու անվտանգության համար մեծ վտանգներ առաջանան թշնամու կողմից, իսկ այսօրվա իրավիճակում դրանք ակնհայտ են, ապա լարվածության հավանականությունը կարող է կտրուկ բարձրանալ։

Հատկապես ՀՀ-ի և Արցախի սահմանների ուղղությամբ թշնամին մեծ սպառազինություն և զորք ունի կուտակած, իսկ դա արդեն մեծ ռիսկային իրավիճակ է։

Անհրաժեշտ է երկիրը դնել ռազմական ռելսերի վրա, այլ տարբերակ չկա։ Ոչ մեկը չի տենչում պատերազմ, բայց տարածաշրջանում զարգացումներն այնքան արագ են փոփոխվում, որ չպետք է դիտորդի կարգավիճակով միայն կողքից հետևել, թե գլխներիս ինչ է գալու։

Այս իշխանություններն իրենց քաոտիկ կառավարմամբ գլխներիս արդեն բազմաթիվ աղետալի փորձանքներ բերել են, հույս ունենանք, որ գոնե այս անգամ ինչ-որ բանավոր պայմանավորվածություններով կամ մի գրչի հարվածով ավելի ծանր վիճակի մեջ չենք հայտնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել