ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում, որ Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին:

«Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար:

«Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը  պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստով քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, անդամ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ հիմնականում շեշտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման՝ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել