«Հրապարակ» թերթը գրում է. 

Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 19-ին տարեվերջյան նիստ անցկացրեց, որը հնարավոր է՝ նրա վերջին նիստը լինի։ Նրա մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց են խոսում՝ դեռ նոյեմբերի 25-ից, երբ նրա եղբորը՝ Արման  Բաղդասարյանին, ոստիկանները փռեցին ասֆալտին ու բերման ենթարկեցին «Կումայրի» բաժին եւ դա արեցին, ինչպես մի քրեական հեղինակության, վտանգավոր «մաֆիոզիի» կտանեին՝ ապօրինի զենք կրելու կասկածով, իսկ հետո բաց թողեցին։ Այդ ժամանակ Նազելի Բաղդասարյանը շատ սուր արձագանքեց, իսկ Գյումրիում սկսեցին խոսել, թե Նազելի տիկինը Փաշինյանի սիրեցյալների մեջ չէ այլեւս, եւ նրան հաստատ ազատելու են գործից։ 

Այնպես որ, Նազելի Բաղդասարյանն իր աշխատանքը բոլորի աչքը մտցնելու մեծ կարիք ունի հիմա եւ մտցրեց վերջին նիստում, հայտարարելով․ «Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի որոշումների թիվը եղել է 451։ Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչեւ տարեվերջ նրանց թիվն ավելանալու է»։ Այսպես, ընդունած որոշումների թվով է մարզպետը չափում մարզպետարանի աշխատանքի ՕԳԳ-ն։ Ասում է․ «Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում»։ Բայց քաղաքացին Շիրակի մարզպետից գոհ չէ։ Քաղաքացու հետ նա կատեգորիկ չի շփվում։ Քաղաքացին բողոքում է, որ ծերանալ կարելի է Նազելի Բաղդասարյանի ընդունելությանը սպասելով։ 

«Ժամերով սպասում ենք ընդունելության, երբեք չի ընդունի, ծերանալ կարելի է նրան սպասելով։ Օգնականները՝ բանից անտեղյակ, տարրական հարց ես տալիս, ասում են՝ դիմեք իրավաբանների»,- գանգատվում է Գյումրու մի բնակչուհի։  Մարզպետը շատ է սիրում ճամարտակել հրապարակայնության մասին։  

Ասում է․ «Տարեվերջյան նիստն ընդարձակ կազմով ենք անցկացնում, որովհետեւ մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել եւս բաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ հանրության առաջ։ Ես կարծում եմ, որ պետական եւ հանրային ցանկացած գործիչ իր գործելակերպում պետք է լինի թափանցիկ, հաշվետու, եւ իր գործունեությունը բացառապես պետք է հիմնված լինի օրինականության վրա․․․ Օրինականության հիմքում պետք է լինի թափանցիկ աշխատելաոճը», բլա-բլա եւ այլն։ 

Ինքը, սակայն, շատ է հեռու թափանցիկ գործելաոճից։ Երեկ 15 անգամ զանգահարեցինք Նազելի Բաղդասարյանին, որ տարրական հարց տանք՝ ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, թե եղբոր պատճառով իրեն ազատելու են պաշտոնից, եւ կարո՞ղ է կամովին հրաժարական գրել։ Բայց մարզպետը ո՛չ զանգերին պատասխանեց, ո՛չ էլեկտրոնային նամակներին, օրվա վերջում նրա մամուլի քարտուղարն ասաց, որ նա խորհրդակցության է՝ եթե իրեն ընդունի, ապա անպայման կտա մեր հարցերը․․․ Չընդունեց։ Ստիպված էինք հարցերն ուղղել մարզպետի եղբորը՝ Արման Բաղդասարյանին։

Ինչպես հիշում ենք, նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ է, մինչեւ կուսակցության շարքերը լքելը ակտիվ ՔՊ-ական էր։ «Ցայգ» հեռուստաընկերության սեփականատերն է, ինչի շնորհիվ այս TV-ն խոր իշխանական իմիջ ձեռք բերեց, որը չէր ունեցել անցյալում։ Բայց նա բավականին սկանդալային անձնավորություն է, նկատվել է մի շարք ֆեյսբուքյան արշավներում՝ Գյումրու քաղաքապետարանի ղեկավարության, ավագանու անդամների, Գյումրու պատգամավոր Կարեն Սարուխանյանի նկատմամբ։ Իսկ այսպիսի անհնազանդ պերսոնաժների ոչ մի իշխանություն չի հանդուրժում։ 

Երբ նրա՝ քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող կնոջը գործից հանեցին, ամուսինը հրապարակային գրառում արեց, թե լքում է Գյումրու ավագանին։ Բայց մնաց անկախ ավագանու կարգավիճակով, ինչպես ինքն է ասում՝ չարախնդացողների ինադու։ «Ես ապրիլի վերջին անձնական խնդիր ունեցա եւ կուսակցությունից դուրս եկա եւ մանդատը դրեցի, բայց օրենքով առձեռն պետք է հանձնես մանդատը, ոչ էլեկտրոնային եղանակով, ու դա հետաձգվեց։ Լիքը մարդիկ սկսեցին չարախնդալ, այդ թվում՝ նրանք, ում դեմ քրեական գործեր էին հարուցվել իմ հաղորդումներով։ Ու ես էլ դուրս չեկա ավագանուց, որ չուրախանան։ Էս վերջին գոնե 6-7 ամիսը ցայտուն երեւացել է, որ ես ու Նազելին ոչ մի գաղափարական ընդհանուր բան չունենք։ Իմ կողմից քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունը, պրոբլեմների վերհանումը, մի քանի քրեական գործեր բացվեցին իմ հաղորդումներով, ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այդ թվում՝ Իսահակյանի թանգարանի դռները հանելու հետ կապված քրեական գործը՝ արդեն պարզ էր, որ ես ու Նազելին զուտ հարազատներ ենք, քույր ու եղբայր, բայց ոչ նույն հայացքների տեր մարդիկ»,- մեկնաբանում է Բաղդասարյանը։ 

- Հնարավո՞ր է, որ Նազելի Բաղդասարյանի հետ Ձեր պատճառով թարսվեն ու ազատեն գործից։

- Ես այդ մասին խոսակցությունները լսել եմ, ու իրականում դա շատ տրամաբանական է, որովհետեւ ես՝ ինքս, որպես այդպիսին, հեռուստատեսության սեփականատեր եմ ու ավագանի եմ, բայց իմ ու մարզպետի հարաբերությունները լարված են։ Ու եթե ինձ վնասելով, փորձում են իրեն բան հասկացնել, ամենավատ մեթոդն էին ընտրել։ Մենք թշնամի չենք, բայց գործնական առումով չենք համընկնում։ 

- «Ցայգը» հիմա իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր։ 

- «Ցայգը» միշտ նեյտրալ է եղել, ե՛ւ Մարտի 1-ի ցույցեր է լուսաբանել, ե՛ւ կառավարության  նիստեր։ Հիմա գրեթե բան չի փոխվել, ուղղակի հիմա ընդդիմադիր դաշտը պասիվ է։ Ընտրություններից մի տարիուկես է անցել, դեռ քաղաքական բաներ չկան։ 6 հոգի մանդատ դրեցին։ Ընդդիմությունը վերադասավորվում է։ Չկա ռիտորիկա, որ ընդդիմադիր գիծ պահես։ Իսկ մարզպետի, քաղաքապետի այցերը միշտ էլ լուսաբանել ենք։ Որ մարզպետը եթերում շատ է երեւում, դա նորմալ է, նա տելե-ի դպրոց անցած մարդ է։ Լավ է խոսում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել