«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդօրինակել է Փաշինյանին՝ լայվ մտնելու, ժողովրդին առաջինը լավ լուրն անձամբ հաղորդելու եւ այլ պոպուլիստական քայլերի հարցում։ Վարդանյանի այս պահվածքը սկսել է նյարդայնացնել ոմանց, նրանք կարծում են, որ սրանով է պայմանավորված այն, որ պետնախարարը հաճախ չհաշվարկված, սխալ հայտարարություններ է անում՝ երբեմն սրելով իրավիճակը։

Դրանցից մեկը, օրինակ, Ռուբեն Վարդանյանի՝ օրեր առաջվա հայտարարությունն էր, թե գազը տվեցին, մինչեւ երեկո, հավանաբար, ճանապարհն էլ կբացեն։ Նա շտապել էր նաեւ դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք հրավիրելու հարցում, որը ստիպված եղավ հետաձգել։ Հետո լայվ մտավ եւ հայտարարեց․ «Մենք ունենք խնդիր՝ ոնց անենք, որ այս հանրահավաքը նմանվի… դառնա այնպիսին, որ եղել է 90-ականների սկզբներին, որ ոչ միայն հավաքվենք, այլ լինի ազնիվ շփում կառավարության եւ ժողովրդի հետ։

Երկար քննարկումներից հետո՝ ե՛ւ նախագահի, ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հարգված այլ մարդկանց հետ, ես հասկացա բանաձեւը… Դրա համար որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ եւ անցկացնենք հանդիպում, շփվենք մարդկանց հետ, դրանից հետո պարզ կլինի՝ ինչպես, երբ հանրահավաք անել»։

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ հանրահավաքի որոշումը Վարդանյանը միանձնյա է կայացրել, հետո նրան ասել են, որ վառելիքի խնդիր կա՝ մարդիկ հանրահավաքի համար իրենց պահուստային բենզինը չեն օգտագործի, իսկ «գալոչկայի» համար հանրահավաք անելու իմաստ չկա։ Գուցե հանրահավաքին դեմ են նաեւ ռուսները, ուստի Վարդանյանը սկսեց այցելել շրջաններ, բացատրել իրենց մարտավարությունը, շփվել ժողովրդի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել