Lurer.com-ը գրում է.

Մենք խաղողագործության զարգացումը տեսնում ենք Հայաստանում արտադրողականության բարձրացման միջոցով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ խաղողագործներ սկսել են քանդել իրենց այգիները, քանի որ եկամուտ չեն ստանում, ժամանակին չեն մթերում իրենց բերքը:

«Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետեւաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այն այգիները, որտեղ աճում է բերք, որը ցածրարժեք է եւ փոխարենը տնկեն այլ այգի, որը բարձրարժեք  բերք կտա: Գյուղատնտեսությունը բիզնես է եւ եթե ինչ-որ մի բան վաճառելիս այն օգուտ չի տալիս, պետք է փոխել վաճառքի առարկան կամ արտադրանքը եւ վաճառել այն, ինչն օգուտ է տալիս:

Մենք Հայաստանում խաղողագործության ապագան տեսնում ենք բարձրարժեք խաղողագործության մեջ եւ այդտեղ գինեգործություն է առաջին պլան գալիս: Մենք մշակել ենք գինեգործության ռազմավարություն, նպատակն այն է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում մենք կարողանանք կտրուկ բարձրացնել գինու արտադրանքն ու արտահանումը: Այսօր մեր գինին ունի մեծ չիրացված ներուժ ոչ միայն ՌԴ-ում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ ասիական երկրներում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել