«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն է: 

- Արդեն ութերորդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Ազերի, այսպես կոչված, բնապահպանները որոշել են արցախահայությանը պատժել՝ փակելով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Նման իրավիճակ եղել է նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, սակայն այն ժամանակ ամեն բան կարծես այլ էր: Եթե զուգահեռներ անցկացնենք այսօրվա եւ անցյալի միջեւ, ապա ի՞նչ հիմնական տարբերություններ կարող եք մատնանշել:

- Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Արցախը, բնականաբար, միայն Հայաստանի հետ չի կապված: Արցախով հետաքրքրված են նաեւ այլ ուժային կենտրոններ` Ռուսաստանից եւ Արեւմուտքից: Նրանք ունեն իրենց շահերը: Արցախի հարցը միայն Հայաստանի հետ չէ կապված: Ադրբեջանն այսօր բացահայտ ճնշում է գործադրում արցախահայության նկատմամբ, սա առաջին անգամն է, որ Լաչինի միջանցքն այսքան երկար ժամանակ մնում է փակ: Նման բան եղել է 1994-ին, բայց ոչ այսքան երկար: Այսօր Ադրբեջանը ցույց է տալիս, որ հնարավոր է Արցախը վերջնականապես կտրել Հայաստանից: Բնականաբար, կա լուռ համաձայնություն թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Արեւմուտքի կողմից: Չնայած նրան, որ Արցախի հարցում Արեւմուտքն ու Ռուսաստանն ունեն լրիվ տարբեր տեսակետներ, սակայն այս հարցում կարող է համաձայնություն լինել կողմերի միջեւ: Արեւմուտքին Արցախի շահը չի հետաքրքրում: Նա առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով: Նրանք գտնում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ արցախահայության ինքնորոշումը: Ադրբեջանն այսօր իր առաջ դրել է մեկ խնդիր. հնարավորինս ցույց տալ աշխարհին, որ Արցախը վերջնականապես կտրվում է Հայաստանից: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում. Արցախը խիստ կթուլանա թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առումներով: Այդ դեպքում Արցախ իսկապես չի մնա:

- Հայաստանի իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է այս պարագայում ձեռնարկեն՝ տոնածառ զարդարելուց, պոպուլիստական հայտարարություններ անելուց զատ:

- Հայաստանի իշխանությունները չեն կարող լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Ոչ թե չեն ցանկանա կամ կցանկանան, այլ՝ չեն կարող: Որ մի կառավարությունն ուզում է լիներ` պատերազմից հետո Հայաստանը չի կարող ունենալ այն ռեսուրսները, որ երաշխավորի Արցախի անվտանգությունը: Հայաստանը չունի այդ հնարավորությունն ու ռեսուրսը: Քաղաքական պոտենցիալն էլ բավարար չէ: Արցախի անվտանգությունը կարող են ապահովել միայն Ռուսաստանն ու Արեւմուտքը: Արցախի հարցում միազգային փաստաթղթերը հայանպաստ չեն, ավելի շատ այստեղ գործում է տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը: Նույն Ֆրանսիան, որն այսօր իբրեւ Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ է, շնորհավորել է Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Իրանը եւս շնորհավորել է: Ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ Արցախի՝ անորոշ մնալու հարցը Ռուսաստանին ավելի ձեռնտու է: Ռուսաստանն ուզում է պահպանել ստատուս քվոն:

- Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերով: Ռուսաստանին պետք է Արցախ, որը կպահպանի ստատուս քվոն, այսինքն` կարգավիճակը կլինի անորոշ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա կարողանա թողնել ազդեցություն:

- Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունները երկու լարի վրա են խաղում: Մե՛կ դեպի Արեւմուտք են գնում, մե՛կ` Ռուսաստան: Ի վերջո, Ձեր կարծիքով, այս իշխանություններն ունե՞ն հստակ կողմնորոշում:

- Իմ կարծիքով` այդ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ: Լավ է, երբ բոլոր երկրների հետ նորմալ հարաբերություններ ես ունենում, սակայն Արեւմուտքը չի կարող որեւէ հայանպաստ դիրքորոշում ունենալ Արցախի հարցում: Այդ մասին պատմությունն է փաստում: Այս պահին Արցախում Ռուսաստանն է կանգնած` ռուսական զորքերը: Այժմ Արցախում որոշողը Ռուսաստանն է: Պետք է Ռուսաստանի հետ կարողանալ ճիշտ քաղաքականություն վարել: Սխալ են իրավիճակային մոտեցումները: Ռազմաքաղաքական առումով Ռուսաստանն այսօր այնքան էլ ուժեղ չէ, սակայն մենք չենք կարող ասել, թե վաղը ինչ կլինի: Ես Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցն եմ: Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները գոնե պետք է պահպանվեն, հակառակ ճանապարհը մեզ լավ տեղ չի տանի: Պատճառն այն չէ, որ Ռուսաստանը լավն է, պարզապես մեր շահերը համընկնում են Ռուսաստանի հետ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո:

- Հայաստանում` հենց իշխանությունների թեթեւ ձեռքով օր օրի աճում են հակառուսական տրամադրությունները:

- Այո, Հայաստանում հակառուսական մեծ ալիքներ են բարձրանում, որը շատ վատ է, իմ կարծիքով` սարսափելի: Մեզանում ոչ թե հակապուտինյան ալիք է բարձրանում, այլ` հենց հակառուսական: Այսինքն` քարոզ է տարվում հենց ռուս ժողովրդի, մշակույթի դեմ: Խոսքը միայն Ռուսաստանի իշխանությունների մասին չէ: Վերջերս լսեցի, որ Հայաստանի ընդամենը 35 տոկոսն է հայ-ռուսական բարեկամության կողմնակից, մնացյալը դեմ են Ռուսաստանին: Այսպես թե այնպես, նա, ով գիտի պատմություն, գիտի, որ մեր շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ: Թուրքիան, միեւնույն է` վարում է հակառուսական քաղաքականություն: Նույն Թուրքիան առիթից օգտվում է այսօր, փորձ է անում Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնել: Պետք է մի բան հասկանալ, մենք Ռուսաստանին ոչ թե Եվրոպայով կամ Ամերիկայով, այլ` Թուրքիայով միայն կարող ենք փոխարինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել