168.am-ը գրում է.

«Մեր գյուղում կյանքը բնականոն ձևով շարունակվում է, խուճապ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու Ն․Խ․) համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Ադրբեջանի ձեռագիրը նույնն է, չի փոխվել, ճանապարհ փակել, տարաբնույթ սադրանքների միջոցով ճնշում գործադրել, և Իվանյանի համայնքի ղեկավարն ասաց նաև, որ իրենք սպասում էին նման գործողությունների.

«Բոլորիս համար էր սպասելի այս ամենը, դրա համար էլ մեզ մոտ խուճապ չկա, չի էլ եղել երբևէ»։

Ավելի քան 1 շաբաթ թշնամին փակ է պահում Գորիսից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը, արդեն կային մտահոգություններ, որ կարող է Արցախի բնակավայրերում մթերքի, սննդի և դեղորայքի պակաս զգացվի, ուստի հարցրեցինք Իվանյանի գյուղապետին՝ պարենի խնդիր կա՞ գյուղում: Այս պահի դրությամբ նման խնդիր չկա, եղածը բավարարում է, հարցին պատասխանեց Բորիս Ղահրամանյանը: Իսկ դպրոցներում աշխատանքն ինչպե՞ս է ընթանում, հարցրեցինք.

«Դասապրոցեսները բնականոն ձևով ընթանում են։ Դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, բոլոր տեղերում էլ ամեն ինչ նորմալ է։ Ավելին՝ խանութները, հասարակական սննդի կետերն աշխատում են, շինարարությունը շարունակվում է»։

Բորիս Ղահրամանյանից հարցրեցինք, թե արդյոք համայնքում կա՞ն մարդիկ, որոնց առողջական վիճակը ծանր է համարվում․

«Առայժմ այդ հարցով դիմող չի եղել, եթե լինի, կտեղեկացնենք համապատասխան մարմիններին»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանրությանը տեղեկացրեց, որ հանդիպելու է Ասկերանի շրջանի բնակիչների հետ, խնդրեցինք Իվանյան համայնքի ղեկավարին մանրամասներ հայտնել.

«Պարոն Վարդանյանը ժողովրդին կոչ էր անում խուճապի չմատնվել, համախմբվել, որ միասին պայքարենք․․․»։

Համայնքի բնակիչների հետ ձեր շփումներն ի՞նչ են ցույց տալիս, ճանապարհը բացվելուց հետո Իվանյանում կլինե՞ն ընտանիքներ, որոնք կլքեն Արցախը, հարցրեցինք Բորիս Ղահրամանյանին․

«Ոչ, բոլորը վճռական են, այստեղից լավ տեղ չկա, որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը։ Ելքը բոլոր դեպքերում համախմբվելու մեջ է, եթե միասնական լինենք, դիմակայելու ենք մինչև վերջ, հուսով եմ՝ լավ արդյունքների կհասնենք»։

Իվանյանի համայնքապետը զուգահեռներ անցկացրեց 1990-ականների և այսօր կատարվողի միջև ու շատերի նման նույն միտքն ասաց՝ այն ժամանակ հաղթանակեցինք, քանի որ բոլորը միասնական էին, այսօր հենց դա է պակասում։

«Այն ժամանակ բոլորը միահամուռ էին, միասին էին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում բոլորս մի մարդ էինք, հիմա այդ բանը չկա։ Այստեղ արդեն նույն վիճակն է, նորից մարդիկ մի կարծիքի են, իրար հույս են տալիս, հուսահատություն չկա։ Այսինքն, ինչ-որ տեղ թշնամու այս գործողությունները նպաստեց, որ այստեղ եղած տարաձայնությունները հարթվեին․․․

Մենք այս ամենից ելքը տեսնում ենք միասնական լինելով, եթե ազգը միասնական լիներ, այս օրին չէինք հասնի, ճանապարհն էլ չէր փակվի։ Ես ամբողջ աշխարհի հայերին մի խոսք ունեմ՝ եկեք իրար սատար կանգնենք»,- եզրափակեց Իվանյանի համայնքապետ Բորիս Ղահրամանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել