Armenpress.am-ը գրում է.

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, ակնկալում, պահանջում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Բեգլարյանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կարիք է տեսնում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեգլարյանը նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում:

Բեգլարյանը կարծում է, որ ճանապարհի փակման առնչությամբ միջազգային արձագանքը կարելի է մասնակի կամ ամբողջությամբ դրական գնահատել, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական է գնահատում: «Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-ասաց նա: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար: Սակայն, թե քանի օր ՄԻԵԴ-ը կքննարկի փաթեթն ու երբ միջանկյալ որոշում կհրապարակի, Բեգլարյանը դժվարացավ ասել: «Դրան զուգահեռ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, մասնավորապես ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, ՀՀ ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասաց Բեգլարյանը: Նա ավելի էական համարեց գործնական քայլեր ձեռնարկելը, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Առանց հստակ պատասխանատվության միջոցների, պատժամիջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,-ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը: Բեգլարյանը հավանական չի համարում, սակայն նաև անհնար չի համարում, որ, եթե ոչ կոլեկտիվ միջազգային հանրությունը, ապա գոնե կոնկրետ երկրներ կարող են առնվազն պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնել, ինչը կարող է որոշակի զսպող հանգամանք լինել: «Սակայն ցավալի է, որ այդ ֆոնին, երբ պատժամիջոցներ են անհրաժեշտ, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիևի հետ ստորագրվում է էներգետիկ՝ էլեկտրամատակարարման համաձայնագիրը, որը շատ խոշոր ծրագիր է: Ներկա է լինում նաև Եվրահանձնաժողովի նախագահը, նա շրջափակման ֆոնին գնում, Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրում և ողջունում Ալիևին, սա արդեն ցավալի է»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց՝ ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն: «Իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն: Ռուսական կողմն այդ ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա»,-ասաց նա: Արցախյան կողմը ևս ներգրավվածություն ունի բանակցություններում: Բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով: Բեգլարյանը համոզված է՝ Ադրբեջանի գլխավոր խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը, էթնիկ զտումն է: Իսկ հայկական կողմի ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետում Արցախի զորացումը, զարգացումը՝ իհարկե ՀՀ-ի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներին՝ Բեգլարյանը հայտնեց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ: Կա կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն կամ սուր սղություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել