Ադամ Շիֆի գլխավորությամբ մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ վերսկսել մարդասիրական օգնությունը արցախահայությանը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Նամակում ԱՄՆ-ի վճռական գործողությունների կոչ է արվում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, պահանջվում է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ վերսկսել մարդասիրական օգնությունը արցախահայությանը։   

«Կոնգրեսական Շիֆի օկրուգի ամերիկահայերը միանում են մեր համայնքին եւ կոալիցիոն գործընկերներին Ներկայացուցիչների պալատի բոլոր օկրուգներում, որոնք ներկայացված են այդ նամակը ստորագրողների կողմից, եւ երախտագիտություն են հայտնում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ նրանց սկզբունքային դիրքորոշման համար»,-նշել է NCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:  

«Բայդենի վարչակազմը պետք է առաջնորդություն ցուցաբերի՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին ամերիկյան սպառազինության մատակարարումն ու օգնությունը եւ թողարկելու արտակարգ հումանիտար օգնության հզոր փաթեթ Արցախի համար»,-ասվում է նամակում։

Սպիտակ տուն ուղարկված նամակում նշվում է, որ Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակումը «Ադրբեջանի ռազմատենչության վերջին օրինակն է, որը հետեւում է Արցախի հայկական բնակչության նկատմամբ չարաշահումների լավ փաստաթղթավորված սխեմային, որը պայմանավորված է Ալիեւի ռեժիմի հռետորաբանությամբ»։

Նամակի վերջում հեղինակները Բայդենի վարչակազմին կոչ են անում «օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու,  Ադրբեջանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու եւ պատժամիջոցներ սհամանելու համար»։

«Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել ագրեսիայի եւ ահաբեկման քաղաքականությունը»,-ասվում է Ջո Բայդենին ուղղված կոնգրեսականների ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել