Պարզվում է՝ Վանաձորում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում միակ դերակատարը  «Մամիկոն Ասլանյան դաշինքի» երկու «դասալիքները» չեն, որոնք մասնակցել էին ավագանու վերջին նիստին ու ապահովել քվորում, որից հետո հաստատվել են քաղաքի բյուջեն, հաստիքացուցակը, սուբվենցիոն ծրագրերը, որ իշխանության նշանակած ժամանակավոր պաշտոնակատարն անխոչընդոտ աշխատի, անգամ եթե այլեւս նիստեր չգումարվեն։ Նիստին մասնակցել ու ՔՊ-ի համար քվորում են ապահովել նաեւ իրենց ընդդիմադիր հորջորջած «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու երկու անդամները՝ առանց որոնց մասնակցության քվորում չէր լինի, եթե անգամ Ասլանյանի թիմակիցները մասնակցեին։

Հիշեցնենք․ Վանաձորի նորընտիր ավագանու 33 մանդատները հետեւյալ համամասնությամբ են բաշխվել՝ 15 մանդատ ունի «Ասլանյան դաշինքը», 9 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 5 մանդատ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ համայնքապետի նախկին տեղակալ, այժմ ԺՊ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Քվորումի համար առնվազն 17 ձայն էր հարկավոր։

Ռուբեն Վարդանյանի հովանավորած կուսակցության ավագանիներն իշխանության օրակարգին են սպասարկել: Ինչն ուշագրավ է մի քանի տեսանկյունից, նախ, որ վերջին ՏԻՄ ընտրություններից առաջ կուսակցությունը հրապարակային հայտարարեց, որ որեւէ համայնքում ՔՊ-ի հետ չի համագործակցելու, չի դաշնակցելու, իսկ Վանաձորում չնայած «Ապրելու երկիրը» դեմ է քվեարկել բյուջեի նախագծին, սակայն փաստացի իրենց մասնակցությամբ կանաչ լույս են վառել, որ իշխանությունը զավթի Վանաձորը՝ ոտնակոխ անելով վանաձորցիների մեծամասնության քվեն։
Տարօրինակ է նաեւ այն առումով, որ ԱԵ-ն մինչ ավագանու նիստը համաձայնել էր «Հայրենիք» խմբակցության ավագանի Վահե Դոխոյանի առաջարկին` նոր ընտրություններ անցկացնելու մասով։ Նիստից հաշված օրեր առաջ Դոխոյանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում որպես լուծում առաջարկում էր նախ ընդունել համատեղ որոշում՝ օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, որը հրապարակելուց հետո երկրորդ քայլով առաջարկում էր համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին։ «Քաղաքի բնականոն կենսագործունեությունը խաթարված է, կարիք կա հաստատելու համայնքի բյուջեն՝ վանաձորցիների կենցաղի սպասարկման տարրական ծախսերն ապահովելու համար, անհապաղ պիտի լուծվեն քաղաքի կանոնավոր աղբահանության, ասֆալտապատման, փողոցների բարեկարգման խնդիրները»,- կարծիք էր հայտնել «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։

Թե ինչու շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Վանաձորում տարբեր վարկածներ են շրջանառվում` առ այն, որ իշխանությունը ոչինչ չի խնայել երկու թիմերից մարդ գողանալու համար։ Դիցուք, Ասլանյանի կուսակից Սեյրան Ղամբարյանի մասին ասում են, որ հողակտոր են տալու, չի բացառվում՝ նաեւ սպորտդպրոցի տնօրեն նշանակեն, իսկ ԱԵ խմբակցության առաջին համար Արտավազդ Ալավերդյանին էլ փոխքաղաքապետի պաշտոն են խոստացել, որը հնարավոր է ստանա ամիսներ հետո։ Մենք կապ հաստատեցինք նաեւ Ալավերդյանի հետ։

- Ինչո՞ւ մասնակցեցիք այդ նիստին, եթե ընդամենը օրեր առաջ ճգնաժամի լուծումը տեսնում էիք նոր ընտրությունների գնալու ճանապարհով եւ ընդունել էիք «Հայրենիք» կուսակցության առաջարկը։

- Իսկ ո՞վ ասաց, որ ես ընդունում եմ։ Ես դեռ մի տարի առաջ եմ ասել` նոր ընտրության օրակարգ, իսկ «Հայրենիք» կուսակցությունն ասում էր՝ գանք, պայմանավորվենք, նոր գնանք նիստի։ Դե թող գան՝ պայմանավորվենք։ Նոր ընտրություններն ի՞նչ կապ ունեն մասնակցելու հետ, դա ենթադրում է, որ բոլորը մանդատները վայր պիտի դնեն: Դա մեր օրակարգն էր՝ նոր ընտրություններ։

- Լավ չհասկացա՝ եթե ձեր օրակարգն էլ էր՝ գնալ նոր ընտրությունների, ինչո՞ւ մասնակցեցիք ավագանու նիստին։

- Ի՞նչ է նշանակում․․․ այո, գնացինք մասնակցեցինք, որովհետեւ մենք բոլոր նիստերին էլ մասնակցել ենք՝ եւ «Մամիկոն Ասլանյան» խմբակցության հրավիրածին։

- Ես հիշում եմ՝ մի նիստի չէիք մասնակցում՝ պատճառաբանելով, թե իբր պատշաճ չեք ծանուցվել։

- Ո՞վ է ասում։

- Ես։

- Երկրորդ անգամ, երբ փորձեցին «Մամիկոն Ասլանյան դաշինքը» նիստ հրավիրել, այն չկայացավ, որովհետեւ ոչ պատշաճ էին ծանուցել։ Երեկոյան շատ ուշ ժամի զանգելով էին ասել, որ վաղը նիստ ենք ուզում գումարել՝ ժամը 11-ին։

- Ենթադրվում էր, որ ընդդիմադիր էիք։

- Չի ենթադրվում` մենք ընդդիմադիր ենք, եւ միակ մարդն եմ, որ դեմ եմ քվեարկել բյուջեին եւ պատճառաբանել։

- Դա այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ քվորում եք ապահովել։

- Մենք պարտավոր ենք գնալ եւ մեր դիրքորոշումը հայտնել թե՛ քաղաքական, թե՛ քաղաքի հետ կապված։

- Մինչդեռ ասում են` մասնակցել եք, որովհետեւ փոխքաղաքապետի պաշտոն են Ձեզ առաջարկել ։

- Ի՞նձ, ո՞վ, ես փոխքաղաքապետի պաշտոն չեմ ուզում։

- Իսկ ի՞նչ պաշտոն եք ուզում։

- Եթե փոխքաղաքապետի պաշտոն ուզենայի այս խառը թոհուբոհի մեջ, մի բան կանեինք։ Թող, ի վերջո, բոլոր կողմերը հասկանան, որ մենք մեր օրակարգն ենք առաջ տանում եւ կողմերից որեւէ մեկին չենք սպասարկում։

- Ընդդիմադիր խմբակցության պարագայում ենթադրվում էր, որ չպիտի սպասարկեիք իշխանության օրակարգը, իսկ այն, ինչ դուք արեցիք, այլ անուն չունի։

- Ես չեմ համարում «Մամիկոն Ասլանյան դաշինքին» ընդդիմադիր, որովհետեւ Մամիկոն Ասլանյանն ինքը ասաց, որ լայն կոնսոլիդացիա ապահովելու համար դաշինք է ստեղծել։

- Բայց ես Ձեր մասին եմ խոսում, իսկ Ձեզ ընդդիմադիր համարո՞ւմ եք։

- Եթե մենք դեմ ենք ներկա վարվող քաղաքականությանը՝ առհասարակ երկրի առումով, ոչ միայն Վանաձորի, իհարկե, համարում ենք։

- Եթե դեմ էիք իշխանությանը, ինչո՞ւ մասնակցեցիք նիստին, քվորում ապահովեցիք, որ Վանաձորի համայնքապետի ԺՊ-ն այսուհետ անխոչընդոտ աշխատի, հակառակ դեպքում ճգնաժամը խորանալու էր, եւ նոր ընտրություններ հայտարարվեին։

- Քվորում չլինելն իշխանության հետ ի՞նչ կապ ունի։ Իշխանություններն առանց մեզ եւ ձեզ հարցնելու ԺՊ-ին նշանակել էին։

- Այո, բայց նա ոչինչ չէր կարողանում անել` բյուջե չկար, հաստիքացուցակ եւ այլն։

- Ներողություն․․․ իսկ եթե ոչինչ չենք ուզում լինի, պարտավոր ենք գնալ մեր դիրքորոշումը հայտնել, ինչը եւ արել ենք, Ձեր նշած հարցերին դեմ ենք քվեարկել։

- Դա ի՞նչ կապ ունի՝ դեմ եք, թե կողմ, քվորում եք ապահովել։

- Ձեր համար կապ չունի, մեզ համար կապ ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել