Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 9-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրամիությունում Չեխիայի նախագահությունը:

«ԵՄ մշտական ներկայացուցիչներն սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ Ուկրաինային ԵՄ-ի շարունակական աջակցության շրջանակներում: Սա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթն է, որը համաձայնեցվել է ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակ և գրավոր ընթացակարգով հաստատվելու Է վաղը», - ասվում Է նախագահության հաղորդագրության մեջ, որը Twitter-ում հրապարակվել է այս գիշեր։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթը կտարածվի անօդաչու թռչող սարքերի և դրանց մասերի ներմուծման, բանկային հատվածի, Ռուսաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա: Իր հերթին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթում ԵՄ-ի անհատական պատժամիջոցների ցանկում է հայտնվել գրեթե 200 մարդ։ «Մենք նաև արգելք ենք դրել Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա: Ընդլայնվել է նաև այն ծառայությունների ցանկը, որոնք արգելված Է մատուցել Ռուսաստանինե, - նշել Է Մորավեցկին ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցում։ Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ում փոխհամաձայնություն պետք է ստեղծվի ամեն գնով, քանի որ շատ արևմտաեվրոպական երկրներ ցույց են տալիս, որ հոգնել են այս հակամարտությունից։

Լեհաստանն ու Լիտվան Եվրամիությանն առաջարկել են դիտարկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցը ոչ թե վեց ամիսը մեկ, այլ տարին մեկ անգամ, հայտարարել է Մորավեցկին։ Իր հերթին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը բավականաչափ կոշտ չէ:

«Պատժամիջոցների 9-րդ փաթեթը բաց թողնված հնարավորություն էր: Տխուր է, որ մենք ստիպված էինք այդքան ժամանակ ծախսել բացառությունները քննարկելու, այլ ոչ թե ավելի հզոր պատժամիջոցների վրա», - գրել է նա Twitter-ում: Փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր Եվրամիությունն արդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ է սահմանել: Պատժամիջոցների ութերորդ փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել