Արցախի ճանապարհը փակելուց ժամեր անց Գորիսի համայնքային իշխանությունները գործի են անցել` մինչ կլիներ կառավարության կամ Սյունիքի մարզպետարանի ցուցումը, հյուրանոցներում են տեղավորել այն արցախցիներին, որոնք մնացել էին կեսճանապարհին։ Ապաստան ստանալուց հետո նրանք իրենց երախտիքի խոսքն են ուղղել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Գորիս են շտապել ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանը, ով մինչ պատգամավոր դառնալը Գյումրու փոխքաղաքապետն էր։

Տեղացիները կատակում են, որ ՔՊ-ականները Գորիս են շտապել այս գործի դափնիներն իրենց վրա քաշելու եւ արցախցիների ապաստանի, սննդի կազմակերպման հարցերն իրենց վերագրելու անթաքույց նկրտումներով, որ որեւէ մեկի մտքով չանցնի, թե Առուշ Առուշանյանն է օգնել ճանապարհներին մնացած արցախցիներին։ Պատգամավորները հանդիպել, զրուցել են արցախցիների հետ, բայց երբ վերջիններս նրանցից ինչ-ինչ հարցերով աջակցություն են խնդրել, ուղղորդել են համայնքապետարանի կողմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել