Մինչ էկոնոմիկայի նախարարությունը Երեւանի սրտում գտնվող Holday Inn հյուրանոցում, ջերմ միջավայրում՝ շամպայնի ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ նշում էր Տուրիզմի կոմիտեի 2020 թվականի տարեկան հաշվետվության ներկայացումը, այդ նույն պահին ադրբեջանցիներն անջատում էին Արցախին մատակարարվող գազը՝ ձմռան ցրտին առանց կապույտ վառելիքի թողնելով առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող 120 հազար մեր հայրենակիցներին։ Երբ միջոցառումից հետո այս մասին հիշեցրինք էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նա ասաց, որ իրենց համար անհանգստացնող է այս իրավիճակը, եւ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի վայրկյան առաջ հանգուցալուծի ստեղծված բարդ իրավիճակը։

«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է չզբաղվենք մեր աշխատանքով, հակառակը՝ դա նշանակում է, որ մենք էլ ավելի եռանդուն պետք է զբաղվենք մեր աշխատանքով, որպեսզի մեր ստեղծած արդյունքների  շնորհիվ դառնանք ավելի ուժեղ ու կարողանանք դիմագրավել մարտահրավերներին»,- ասաց Վահան Քերոբյանը։

- Ի՞նչ է անում կառավարությունը, մենք կառավարության կողմից քայլեր չենք տեսնում, դեռեւս միայն ընդդիմությունն է աղաղակում, աղմուկ բարձրացնում, որ պետք է օր առաջ լուծվի այս հարցը։

- Կառավարությունն աղմուկ չի բարձրացնում, բայց աշխատում է։

- Իսկ ի՞նչ է անում, ե՞րբ կարող է լուծվել այս հարցը։

- Ես չեմ կարող ասել, թե երբ կլուծվի, ես չեմ անմիջականորեն զբաղվում էդ հարցով, բայց կառավարության մեր գործընկերները, ես գիտեմ, որ շատ տրամադրված են եւ օրնիբուն աշխատում են, որպեսզի էդ հարցը լուծվի։

- Դուք այս օրերին զանգահարե՞լ եք Արցախի Ձեր գործընկերներին, գոնե Ձեր բլոկով հետաքրքրվե՞լ եք, թե Արցախն ինչի կարիք ունի։

- Այսօր չեմ զանգել, բայց նախորդ օրը խոսել եմ մի քանի արցախցի ընկերների հետ։

- Ձեր իշխանության ասած այդ «խաղաղության օրակարգը» Դուք այսպե՞ս եք պատկերացնում։ Անընդհատ խոսում եք «խաղաղության օրակարգի» մասին, բայց մենք տեսնում ենք, թե այդ «խաղաղության օրակարգն» ինչ է բերում մեզ։

- Տեսեք, ես կարծում եմ, որ ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ ավելի հեշտ կլինի ճանապարհը դեպի խաղաղություն։ Բնականաբար, երբ որ մենք մի տարի առաջ կամ երկու տարի առաջ խոսում էինք խաղաղության օրակարգի մասին, պարզ էր, որ դա հեշտ չի լինելու եւ դա ուղեկցվելու է բազմաթիվ խնդիրներով, բազմաթիվ ընդհարումներով, բայց, միեւնույն է, եթե կա ստրատեգիական մտածելակերպ, եւ կա ճանապարհային քարտեզ՝ հասնելու խաղաղություն կոչվող կետին, ապա էդ խոչընդոտները հաղթահարելով՝ պետք է հասնենք։

- Իսկ Դուք կո՞ղմ եք այն թեզին, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»։

- Եկեք՝ ես չպատասխանեմ արտաքին քաղաքական հարցերին։

- Արցախի հարցը դարձավ արտաքին քաղաքական հա՞րց։

- Համենայնդեպս, դա ներհայաստանյան հարց չէ, գիտեք։

- Բայց Արցախը մեր երկրորդ հայրենիքն է, հայկական երկրորդ հանրապետությունը, եւ այնտեղ մեր հայրենակիցները՝ հայերն են ապրում։

- Վահե ջան, ավարտենք, էլի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել