Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակելով Ադրբեջանը նպատակ ունի մարդկանց մղել մահվան կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափվի. Սա համազոր է ցեղասպանությանը, հայրենազրկման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նախ պետք է հրատապ կերպով ու շատ կոշտ միջոցներով բացվի այս ճանապարհը, երկրորդը, երաշխիքների մի ամբողջ համակարգ պետք է ներդրվի, որպեսզի արցախահայությունը Արցախից դուրս չգա»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ պետք է կոշտ միջոցների դիմի, նա պատասխանեց. «Նախեւառաջ Հայաստանը, որովհետեւ ՀՀ-ն հստակ հանձնառություն ունի Արցախի եւ արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Դա նաեւ միջազգային մակարդակով է հաստատված այդ հանգամանքը: Եթե անգամ ՀՀ-ն իր ռազմական ներուժով չի կարողանում դա անել, նա պետք է իր դաշնակիցների ուժերին  ապավինի,  նաոեւ դիմի միջազգային կառույցներին՝ ներգրավելու համապատասխան ուժեր: Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա: Իհարկե, ռուս խաղաղապահների հիմնական առաքելությունն է ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռերը լվա ու միկողմ քաշվի: ՀՀ իշխանությունը պարտավոր է իրականացնել գործողություններ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Ռուս խաղաղապահների վրա ամեն ինչ բարդելը ամենաստոր արարքն է:

ՔՊ-ի որոշ պատգամավորներ հայտարարում են՝ ի՞նչ եք ուզում, պատերազմ հայտարարենք Ադրբեջանի՞ն Արցախի համար:  Եթե պետք եղավ, դա էլ պետք է անեք, բա ի՞նչ պետք է անեք»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել