168.am-ը գրում է․

Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի ճանապարհը՝ շրջափակման մեջ թողնելով Արցախի 120 հազար բնակչությանը։

Խոչընդոտելով նաև այն հիվանդների անհապաղ տեղափոխումը Երևան, որոնք այս պահին ծանր վիճակում գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ ադրբեջանական կողմից զինվորներ, նախկին սպաներ՝ քաղաքացիական հագուստներով ու «բնապահպանների» անվան տակ, իսկ այս գիշեր արդեն՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության և ոստիկանության ծառայողների հսկողությամբ, փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք Հայաստանից գնում էին Արցախ և Արցախից վերադառնում Հայաստան, մնացել էին ճանապարհին, նրանց մի մասին տեղափոխել են Գորիս, մի մասին էլ տեղավորել են Արցախի Հին Շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերում։

168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ ճանապարհին մնացած բոլոր մարդկանց տեղավորել են, ամեն ընտանիքում մի քանի հոգի տեղավորվել է։

«Ամեն ինչ այս պահին նորմալ է, խուճապ չկա, ժողովրդին էլ տեղավորել ենք, բաժանել ենք ընտանիքներում, ապրում ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց Սամվել Սարգսյանը։

Ըստ նրա, այս պահին առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չունեն, բայց եթե ճանապարհը շարունակեն փակ պահել, ապա խնդիրներ կարող են առաջանալ։

«Եթե այսպես շարունակվի, ապա գյուղում հացի ու դեղորայքի խնդիր կարող է առաջանալ։ Հիմա մեր բնակիչները համեստություն են դրսևորում, ասում են՝ որևէ բանի խնդիր չունենք։ Իրենց վերջին պատառ հացն էլ կկիսեն, բայց չեն բողոքի։ Սպասենք, թե ինչ կլինի»,- հավելեց Սամվել Սարգսյանը։

Հին Շենի գյուղապետը լավ իմանալով թշնամուն, վստահ չէ, որ բանակցություններով հնարավոր կլինի ճանապարհը բացել։
«Կարծում եմ՝ բանակցություններն օգուտ չեն տալու»,- եզրափակեց Հին Շենի գյուղապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել