Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա ասել է, որ Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը» պետք է դադարեցվի:

«Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- ասել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ իրենց ունեցած տեղեկություններով նկատվել է «անօրինական շահագործման ակտիվացում», մասնավորապես Դրմբոնի ոսկու հանքավայրում:

«Այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, պաշտպանության նախարարությունն հարցով դիմել է խաղաղապահներին: Կողմերի բանակցությունների արդյունքում համաձայնություն է եղել, որ դեկտեմբերի 10-ից կսկսվի մոնիթորինգ: Անօրինական գործունեությունը պետք է դադարեցվի»,- ասել է Հաջիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել