168.am-ը գրում է․

Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները փակել էին Բերձորի ճանապարհը և 3-ժամյա բանակցություններից հետո այն հաջողվեց բացել։ Այսօր կրկին նրանք փակել են Բերձորի ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ գնում են տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակ է։

«Հենց հիմա ճանապարհին ենք, գնում ենք այնտեղ։ Ադրբեջանցիներն այս ամենով նպատակ ունեն իրենց իշխանությունը հաստատել ամբողջ Արցախում, հայաթափել Արցախը»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ արդեն 2-3 օր է՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ փորձում են դիտարկում անցկացնել Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն և Կաշենի հանքավայրերում: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այցելությունը խոչընդոտել են հանքավայրի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի հանք:

Դեպքի վայր են ժամանել Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են կողմերի հետ և որոշել դադարեցնել շրջայցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել