Ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Վալը մահացել է Դոհայում՝ Արգենտինայի և Հոլանդիայի հավաքականների միջև ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչը լուսաբանելիս (2:2, 4:3՝ 11 մետրանոցներով): Այս մասին հայտնում է Armsport-ը։

48-ամյա Վալի ինքնազգացողությունը վատացել է «Լուսայիլ» մարզադաշտում՝ լրացուցիչ ժամանակում, և բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Մահվան պատճառները ճշտվում են։

Վալը Sports Illustrated-ի սյունակագիր էր։ Նա նաև աշխատել է Fox Sports-ում և CBS Sports-ում: Կատարի մրցաշարը նրա 8-րդ աշխարհի առաջնությունն էր։ Նա գրել է մի քանի սպորտային գրքեր, այդ թվում՝ Դևիդ Բեքհեմի մասին։

ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել Վալի մահվան կապակցությամբ։

Այս շաբաթվա սկզբին Վալը հայտնել էր, որ հիվանդության պատճառով այցելել էր Կատարի բժշկական կլինիկա, որտեղ նրա մոտ բրոնխիտ էին ախտորոշել։ Հինգշաբթի նա պատմել էր, որ մի փոքր ավելի լավ է, բայց դեռ տառապում է հազից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել