Նկարիչ, դիզայներ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Վանեսքեհյանին իր տան մոտից՝ կնոջ ու անչափահաս երեխայի աչքի առաջ, ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել եւ Արաբկիրի բաժնում այնպես են ծեծի ենթարկել, որ Վանեսքեհյանը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:

Երեկ մենք ներկայացրել էինք այս պատմությունը։ Ճիշտ այն պահին, երբ հանրությունը տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է սորոսականների ակտիվ մասնակցությամբ բարեփոխել ոստիկանական համակարգը, հերթական վայրագության մասին ենք իմանում։ Իսկ խորհրդարանում Փաշինյանի թիմակիցները քննարկում էին «բարեփոխված» ոստիկանություն ունենալու եւ ներքին գործերի նախարարություն ձեւավորելու հարցը։ Նիստից հետո ՔՊ-ական պատգամավոր, նախկինների օրոք ոստիկան, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ի՞նչ գնահատական կարող է տալ հայտնի նկարչին ոստիկանական բաժանմունքում ծեծելու դեպքին։

Խաչատրյանն ասաց՝ տեղյակ չէ դեպքից, հերթապահ եւ «ինստիտուցիոնալ» պատասխան տվեց․ «Այն, որ ոստիկանությունում եւ ցանկացած պետական մարմնում միշտ էլ կլինեն կարգապահական խախտումներ եւ, ինչո՞ւ չէ, հանցագործություններ կարան լինեն, այդ նպատակով այդպիսի մարմիններում, հատկապես ոստիկանությունում, կա ներքին անվտանգության վարչություն, որը զբաղվում է այդպիսի աշխատանքով, այսինքն՝ գնահատական է տալիս ոստիկանության ծառայողների գործողություններին։ Եվ եթե պարզվում է, որ նրանց գործողություններն իրավաչափ չեն, ապա կարգապահական պատասխանատվության հարց է առաջանում։ Եվ եթե այդ ոչ իրավաչափությունն առաջացրել է որոշակի հետեւանքներ, այստեղ արդեն հանցագործության հատկանիշներ են առաջանում, եւ, իհարկե, մարմինը պարտավոր է նյութերն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ գուցեեւ քրեական հետապնդման կարգով կիրականացվի վարույթ»։

- Պարոն Խաչատրյան, եթե, Աստված չանի, որեւե մեկիս հարազատի, օրինակ՝ Ձեր կամ Ձեր թիմից որեւէ մեկի հարազատի նկատմամբ այդպես վարվեն, տանեն ոստիկանական բաժանմունք՝ ծեծեն, դարձնեն հաշմանդամ, Դուք էլի՞ եք ասելու՝ թող վարույթ հարուցեն։

- Դե, Աստված չանի՝ Ձեր տունն էլ գող մտնի, գողություն անի, Աստված չանի՝ հայրենիքը դավաճանեն։

- Հավատացեք՝ «Աստված արել է», ու երկուսն էլ եղել է, ե՛ւ մեր տունն է գող մտնել ու թալանել, ե՛ւ հայրենիքն են դավաճանել։

- Կյանքը ցույց է տալիս, որ էդ ամենը կա ու լինելու է, մարմիններն էլ պետք է լինեն, որ դրա դեմ պայքարեն։

- Բայց հիմա, որ Աստծու վրա հույս եք դնում, որ «չանի» նման բաներ, երեւի մի հատ էլ այդ հարցում է պետք քննություն իրականացնել, որ հասկանանք՝ Աստծու վրա դրած հույսերն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ ե՛ւ հայրենքին են դավաճանել, ե՛ւ մեր տունն են այս տարի թալանել, ե՛ւ այդ նկարչին են ծեծել ոստիկանները։

- Հավատքը քիչ է եղել, ուրեմն։

- Նայած՝ ում հավատքը։ Հիմա Ձեր գնահատականը ո՞րն է։ Հետո էլ ասում էիք՝ բարեփոխվել է ոստիկանությունը։

- Ինչքան էլ ուզենք բարեփոխել․․․ Հիմա Միացյալ Նահանգների ոստիկանությունը լա՞վն է, թե՞ վատը, Ֆրանսիայինը լա՞վն է, թե՞ վատը, Գերմանիայինը լա՞վն է, թե՞ վատը։ Բոլոր տեղերում էլ խախտումներ լինում են։

- Այսինքն՝ չե՞ն բարեփոխվում։

- Բարեփոխվում են։ Ուղղակի, եթե չբարեփոխված վիճակում կլինի հազար դեպք, էսպես կարող է լինի տասը տարին մեկ։ Բայց էն գլխից ասում եմ՝ թերթում հրապարակումը դեռեւս փաստ չէ, որ ոստիկանության կողմից բռնություններ են կիրառվել եւ՝ ոչ իրավաչափ։

- Հիմա Դուք առերեւույթ կասկած եք հայտնում այդ պատմածների վերաբերյալ։

- Չէ, ես առերեւույթ հանցագործության մասին հայտարարություն լսեցի, որը պետք է քննության առարկա դառնա, եւ պարզվի՝ նշված հանգամանքներն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։

- Իհարկե, առաջին դեպքը չէ, որ ոստիկանները բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Եռաբլուրում, զոհված զինվորների ծնողների նկատմամբ, այն էլ՝ հենց իշխանությունների աչքի առջեւ։ Դրա համար էլ մարդկանց մոտ թերահավատություն կա ձեր իշխանության ստեղծած ոստիկանական համակարգի նկատմամբ։

- Եթե Դուք պատկերացնում եք ոստիկանություն, որը երբեւէ ուժ չի կիրառել, ուրեմն ոստիկանություն չկա։ Եվ ասեմ Ձեզ՝ աշխարհի մասշտաբով ամենահանդուրժող, քիչ ուժ կիրառող ոստիկանությունը, որ սենց նայում եմ, դա Հայաստանի ոստիկանությունն է։

- Նախորդ իշխանությունների օրոք եղած ոստիկանությո՞ւնն էլ, երբ նաեւ Դուք էիք ոստիկան։

- Ոստիկանությունում վերջին յոթ-ութ տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել, օրենսդրության մեջ շատ բան է բարեփոխվել, եւ կարող եմ ասել, որ ոստիկանությունն ուժի կիրառման առումով որոշ տեղերում նույնիսկ կարող էր ուժ կիրառել, եւ չեն կիրառել։ Իսկ հատկապես հիմա՝ 2019 թվականից հետո, ոստիկանությունը շատ հանդուրժող է։

- Բա ինչո՞ւ էիք դժգոհում այն ժամանակվա ոստիկանությունից, երբ թեթեւ ուժ էին կիրառում ցուցարարների հանդեպ։

- Ո՞վ էր դժգոհում։ Ոստիկանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են եղել՝ ՊՊԾ գնդի գրավման օրեր եւ այլն, եւ այլն, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։

- Եվ ուժ չի կիրառվել։

- Չէ, ուժ կիրառվել է։

- Ոչ, մենք հիշում ենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ավելի շատ ոստիկանների նկատմամբ էին ուժ կիրառում, անգամ փոխոստիկանապետի էին պատանդ վերցրել, վերջում էլ երեք ոստիկան զոհվեց այդ «ոստիկանական ուժի կիրառման» հետեւանքով։

- Բանդայի կողմից, այո, ոստիկաններին նաեւ պատանդ վերցրին։ Բոլորը հիմա կրում են իրենց պատասխանատվությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել