Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը:

«Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք  հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում:

«Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել