Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին, խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել  նման սադրանքները կանխելու եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է  միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:

«Չի կարող այնտեղ լինել որեւէ անցակետ, միջանցքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք  ասել ենք, որ դա անընդունելի է եւ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել