Armlur.am-ը գրում է.

Այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այն փակ է մնացել մոտ երեք ժամ, ապա ռուսական զորախմբի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները տվել են դրական արդյունք, եւ ճանապարհն այժմ բաց է։

Ինչպես արդեն նշեցինք, ադրբեջանցիների կողմից այդ քայլը մեկնաբանվել է բնապահպանական պատճառաբանությամբ։ Խոսքը Կաշենի հանքավայրի մասին է. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին սանձազերծած պատերազմի հետևանքով Կաշենի հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան մնացել են Արցախի տարածքում, սակայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հանքավայրի պոմպակայանը։

Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Ժամանակին այս ընկերությունը շահագործել է նաև Կաշենից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, որի պաշարների սպառվելուց հետո «Բեյզ Մեթըլս»-ը ձեռնամուխ է եղել Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցմանը։ Դրմբոնի հանքն, ի դեպ, ևս մնացել է Արցախի վերահսկողության տակ։

«Բեյզ Մեթըլս»-ը Դրմբոնի հանքավայրը շահագործել է 2002 թվականից, որից 10 տարի անց արդեն ակնհայտ էր, որ հանքային պաշարները սպառվում են։ «Վալլեքս»-ն՝ ի դեմս «Բեյզ Մեթըլս»-ի, հանքարդյունաբերությունը տեղափոխել է Կաշեն: Հանքը շահագործվել է 2013 թվականից։

«Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախի խոշորագույն հարկատուն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել