Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային
զորամիավորում:

Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների
հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված
հարցերով:

Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ու
զրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,
հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին,
ներկայացրել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Այցի ավարտին նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր
զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել