Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ։  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Մինչ հրշեջների և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ժամանումը, նշված փողոցի 36 տանից Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 70-ամյա Գոհար Մկրտչյանը։ Վերջինս ստացել է այրվածքներ։ 

Պարզվել է, որ այրվել է Գ․ Մկրտչյանին պատկանող հյուրասենյակի գույքն ամբողջությամբ, 2 պատուհանները, խոհանոցային կահույքը, ջերմահարվել են 3 դռները, սառնարանը, գազօջախը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Մասիսի գազի մասնաճյուղի ծառայողներն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել