168.am-ը գրում է․

Երեկ երեկոյան Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին ոստիկանները փողոցում գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Նշել էր, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի, սակայն թող մարդիկ չսպասեն, որ «02» հաղորդաշարով կտեսնեն:

«Արմանը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ: Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երևանի մայլում չի ապրում:

Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր՝ նրանց են բռնում: Երևի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի՝ վարչապետին էլ կբռնենք, եթե Մասկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ… ասում են՝ դե տուն ենք պահում, երևի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում՝ նույն տներն են, միլիցեք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են ավանդույթները շարունակելու: Այ ֆողերս ձեր ոստիկանական բարեփոխումների վրագլխույն: Պատճառը մի հարցրեք, հետևեք… մայրուղուն»,- գրել է Լևոն Բարսեղյանը:

Վերոգրյալից հասկանալի է, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է:

168.am-ը ոստիկանությունից փորձեց ստուգել լուրի իսկությունը. տեղեկությունը հաստատվեց:

«Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13:25-ին, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Կազմվել են համապատասխան փաստաթղթեր»,- Արման Բաղդասարյանի բերման ենթարկվելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեցին Ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ սա առաջին սկանդալը չէ՝ կապված Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանի հետ:

Այս տարվա ապրիլին նա, օրինակ, լքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, դիմում էր գրել նաև ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Համենայն դեպս այդպես էր գրել իր տարածած հայտարարության մեջ: Խնդիրը, ինչպես պարզվեց, կապված էր Գյումրու քաղաքապետարանում աշխատող իր կնոջն աշխատանքից ազատելու հետ:

Նազելի Բաղդասարյանի եղբայրն իր անվայելուչ բառապաշարով աչքի ընկավ նաև այս տարվա մայիսին ընդդիմության երթերի ու ցույցերի օրերին:

Իսկ ավելի ուշ՝ ամռան սկզբին, հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտավ Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ:

«Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը, ինքը լինելով գործող ավագանի, փաստացի կամ չի տիրապետում, կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ: Չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք: Համայնքապետի հետ մեկտեղ՝ 10-ից ավելի օգնական ու խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր (Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու)»,- գրել էր Նազելի Բաղդասարյանի եղբայրը:

«Все бы ничего», բայց Արման Բաղդասարյանը փաստացի տարրական անգրագետ էր համարում ոչ ավել, ոչ պակաս, Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռանը՝ Արթուր Պապիկյանին:

Օրերս էլ Արման Բաղդասարյանը հրապարակային լեզվակռիվ էր սկսել Շիրակի մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Կարեն Սարուխանյանը, ի դեպ, շատ թափանցիկ ակնարկներ էր կատարել ոչ շատ վաղ անցյալում Գյումրիում տեղի ունեցած ու բոլորին հայտնի պատմության մասին:

168.am-ը դեռևս երկու տարի առաջ էր գրել, որ 2016թ. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ կրքեր էին բորբոքվել: Տնօրեն էին ուզում նշանակվել մարդիկ, ում թատրոնի կոլեկտիվը չէր ընդունում, նշում էին, որ նրանք ոչ միայն թատրոնի մարդիկ չեն, այլև որպես հանդիսատես չեն եղել անգամ թատրոնում: Թատրոնի կոլեկտիվն անգամ ասուլիս էր հրավիրել այդ թեմայով:

«Խնդիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր քաղաքում լուրեր են տարածում, որ իմ հարցը լուծված է, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իմ հարցը լուծել է, ես պետք է գամ թատրոնի տնօրեն, հեռակա կարգով մատ է թափ տալիս մեզ վրա: Ասում է, որ իմ ազգանունը Մինասյան է, երկրի նախագահի փեսայի ազգանունն էլ է Մինասյան, դե գնացեք, իմացեք, որ մենք գալիս ենք»,- այդ ասուլիսի ժամանակ ասել էր նույն թատրոնի դերասանուհի Գոհար Խաչատրյանը:

Իսկ խոսքը Նազելի և Արման Բաղդասարյանների մոր՝ Մարգարիտա Մինասյանի մասին էր, ով էլ հենց, ցանկանալով ամեն կերպ նշանակվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, թատրոնին մերձ շրջանակներում լուրեր էր տարածել այն մասին, որ ինքը նախագահի փեսայի ազգականն է, և, որ ինքն անպայման, հենց այդ գործոնը հաշվի առնելով՝ պիտի դառնա թատրոնի տնօրեն:

Այս պատմությունը ներկայացրել էինք այն ժամանակ, ի դեպ, երբ Նազելի Բաղդասարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում բավականին անպարկեշտ բառապաշարով գրառում էր կատարել:

«Եթե անդրբեջանը շարունակի իր ագրեսիվ հռետորաբանությունը մենք ստիպված կլինենք օգտագործել այս արգելված զենքը, չնայած նրան, որ այս կարգի մառազմը և ուղեղի բռնաբարումը արգելված է Ժնևի և ՄԱԿ-ի միշարք կոնվենցիաններով, բայց մենք այն կթարգմանենք խոսացողի մայրենի լեզվով (թուրքերոն, ադրբեջաներեն) և կտեղադրենք համացանցում»,- այս տողերի հեղինակհը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը, ում գրառման ուղղագրությունը, ի դեպ, պահպանել էինք ամբողջությամբ:

Ուշագրավ է, որ այս գրառումը հիմա կարծես թե արդեն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել